«Ինձ ասաց՝ կռնակիդ նստեցրել ես կարգալույծ քահանայի». Արայիկ Հարությունյանը 2020-ի հանդիպումից հետո հիասթափվել է Վեհափառ Հայրապետից


«Ինձ ասաց՝ կռնակիդ նստեցրել ես կարգալույծ քահանայի». Արայիկ Հարությունյանը 2020-ի հանդիպումից հետո հիասթափվել է Վեհափառ Հայրապետից
Հոկտեմբեր 29 13:26 2025

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ ինքը Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է։

 

«Կնքվել եմ 1991 թվականին, երբ ձեզանից որևէ մեկը, երևի, կնքված չի եղել», - լրագրողներին ասաց նա։

 

ՔՊ-ականը հայտարարեց, թե 2020 թվականին Վեհափառ Հայրապետի հետ հանդիպելուց հետո, էլ չի ուզել հանդիպել նրան։

 

«Շատ վատ տպավորություն եմ ստացել։ Գնացել եմ, ընդ որում, չէի ուզում գնալ, ու այդ զրույցի ընթացքում հնչում էին մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի՝ մի օրինակ կարո՞ղ եք բերել, ասաց՝ այո՛, կանչեց իր օգնականին ու ասաց, որ թուղթ բերի, բերեց, ասում է՝ «գիտե՞ս, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիդ նստեցրել ես կարգալույծ քահանայի», ասում եմ ՝ մեղա քեզ, Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, ցուցադրում է մի նկար, որտեղ Գայանե Աբրահամյանի «Հոդված 3» ակումբում ինձ ու Սուրեն Պապիկյանին հրավիրել են քննարկման, նստեցրել են առաջին շարքում ու ում ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում, մի տեղ, որը կապ չունի ո՛չ ինձ, ո՛չ Սուրեն Պապիկյանի հետ... ու այս մարդիկ այս բարքերով, այս ստերով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էին մթնոլորտ»,- մանրամասնեց Հարությունյանը։