«Հովհաննավանքում տեղի է ունեցել պատարագ, մենք ականատես ենք եղել, որ հազարավոր քաղաքացիներ Հայաստանի տարբեր համայնքներից ինքնակամ եկել ու մասնակցել են այդ պատարագին»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ արդյո՞ք եկեղեցու, պատարագի ժամանակ հնչող ծափերը նորմալ էին, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Լավագույն գիտակը չեմ, չգիտեմ Աստվածաշնչում ծափերը որպես այդպես դիտարկվում են որպես մեղսավոր ինչ-որ բան, թե ոչ, կարծես անձի կողմից ոգևորություն կամ դրական արձագանք դրսևորելու միջոց է»։
Իսկ քաղաքացու բերանը փակելուն ու եկեղեցուց հանելուն ինչպե՞ս է վերաբերում հարցին ի պատասխան՝ Վ.Վարդանյանն ասաց. «Դրվագը չեմ տեսել, լսել եմ դրվագի մասին, ինչ է տեղի ունեցել եկեղեցում, ինչ միջավայում, ինչ գործողությունների արդյունքում է դա տեղի ունեցել, իմ կարծիքով, իրավական գնահատականի արդյունք պետք է դառնա»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը մատուցել է «պատարագ», որին մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, իշխանության ներկայացուցիչներ, ՔՊ խմբակցության պատգամավորներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Ըստ մեր տեղեկությունների՝ կարագալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ) ևս վստահեցրել է, որ մեծ «բանակ» կհավաքվի իր շուրջ, ու արդեն քայլեր կկարողանան ձեռնարկել Կաթողիկոսի հեռացման հետ կապված:
Կարճ ասած՝ Փաշինյանը հանրության միավորմանն է սպասում դեպի Մայր Աթոռ գնալու համար, ինչն այս կիրակի չստացվեց, քանի որ իրենց ասած «10 հազար մարդու» փոխարեն հազիվ, պետական ռեսուրսների միջոցով, կարողացան 1000 հոգու Հովհաննավանք պատարագի «տանել»: Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է»։








