Երևույթն ուղղակի անընդունելի է, անձնական կյանքի ցանկացած միջամտություն քրեորեն հետապնդելի է. նախարարը՝ Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութերի մասին (Տեսանյութ)


Երևույթն ուղղակի անընդունելի է, անձնական կյանքի ցանկացած միջամտություն քրեորեն հետապնդելի է. նախարարը՝ Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութերի մասին (Տեսանյութ)
Հոկտեմբեր 27 18:52 2025

Երևույթն ուղղակի անընդունելի է, անձնական կյանքի ցանկացած միջամտություն, հատկապես, եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, ոչ միայն անընդունելի է, այլև՝ քրեականորեն հետապնդելի, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին տարածվող տեսանյութերին, ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

 Նա ենթադրում է, որ, վաղ թե ուշ, այդ կապակցությամբ քրեական գործ կլինի. «Եթե տեսանյութը ֆեյք չի, ապա, կարծում եմ, որ անձը ինքը պարտադիր պետք է հաղորդում ներկայացնի և քրեկան գործ քննվի»։

 Անդրադառնալով համատարած գաղտնալսումներին, նախարարը նշեց, որ դրանք իրականացվում են կոնկրետ մարմինների կողմից կոնկրետ նպատակներով.«Իսկ այդ նպատակները կապվում են միայն հանցագործությունների կանխման կամ բացահայտման հետ։ Այլ պատասխան տալ չեմ կարող։ Որպես օպերատիվ հետախուզական միջոց գաղտնալսումը իրականացվում է կամ կարող է իրականացվել միայն դատարանի որոշման հիման վրա։ Եվ դա է քաղաքացիների պաշտպանության մեխանիզմը, այսինքն՝ կա վերահսկողություն՝ օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նկատմամբ։ Այն անձինք, որոնք ապօրինաբար են գործել, անձնական կյանքին առնչվող տեղեկություններ են հրապարակել, պետք է ստանան իրենց խիստ պատիժը»։

 Լրագրողների դիտարկմանը՝ եթե Փաշինյանն ամիսներ առաջ նման անպարկեշտ հայտարարություններ չաներ, գուցե, այս տեսանյութը չտարածվեր ու դրան այլ կերպ նայեին, Գալյանը պատասխանեց.«Գուցե այդպես լիներ, գուցե չլիներ։ Սակայն, վարչապետի ասածն այն էր, որ պետք չէ հոգևորականները թողնեն իրենց ուխտը, ասելիքը, գործունեությունը և զբաղվեն քաղաքականությամբ։ Անըդունելի է, որ եկեղեցին ունենա այնպիսի սպասավորներ, որոնք իրենց արժեքներում կեղծ են»։