Փոխադարձ վստահությամբ կարող ենք լուծել խնդիրները. Խաչիկ Մանուկյանը՝ Ոսկեհատում (Տեսանյութ)


Փոխադարձ վստահությամբ կարող ենք լուծել խնդիրները. Խաչիկ Մանուկյանը՝ Ոսկեհատում (Տեսանյութ)
Հոկտեմբեր 27 13:44 2025

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանը հանդիպել է Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ գյուղի բնակիչների հետ՝ ունենալով անմիջական շփումներ նրանց հետ։

Հանդիպմանը բավական մեծ թվով մարդիկ էին մասնակցում, ինչը վկայում է թեկնածուի անձի նկատմամբ առկա հետաքրքրության մասին։

Իր ելույթում Մանուկյանը նշել է, որ իր նախընտրական ծրագրում ներառված են բոլոր այն խնդիրները, որոնք առկա են գյուղում և ընդգծել, որ դրանք կլրացնի նաև այն հարցերով, որոնց մասին բարձրաձայնել են գյուղացիները։

«Փոխադարձ վստահություն ունենալու դեպքում մենք կարող ենք լուծել խնդիրները։ Ես երբեք չեմ ասում, թե միայնակ եմ կարողանալու ամեն ինչ անել։ Մենք պետք է միասնական լինենք և համատեղ ուժերով առաջ շարժվենք», - ընդգծել է Մանուկյանը։

Նա նաև կոչ է արել բնակիչներին միշտ լինել անկեղծ, համախմբվել ազգի ու ազգային արժեքների շուրջ՝ շեշտելով, որ հասարակությունը պետք է ոչ թե պառակտել ու թունավորել, այլ՝ համախմբել և միավորել։