Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, որպեսզի էդ էջը փակվի։ Էջը փակվել չի նշանակում մոռանալ, թե ինչի միջով անցավ մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ուզում եմ հիշեցնել Հրանտ Մաթևոսյանի խոսքը՝ «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ 28-ին»։ Կարծում եմ, որ դեռ հնարավորություն կա հասնելու լիարժեք բացահայտման։ Լիահույս եմ, որ այս տարի թեկուզ փոքր, բայց կտեսնենք բացահայտման գոնե հնարավորություն, ինչը հնարավորություն կտա շարժվելու առաջ»,-ասաց Քոչարյանը։
Հարցին, թե ի՞նչն է իրենց այդ հույսը տալիս, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.
«Կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն, փախած են, բայց նրանք մահացած չեն և գոյություն ունեն։ Որտե՞ղ է Ալիկ Հարությունյանը, ամենակարևոր վկաներից մեկը, չկա չէ՞... Փախուստի մեջ է այն դատավորը, որը հնարավորություն տվեց վկաներին չլսելու։ Դա պարոն Ուզունյանն է, որը լքել է Հայաստանը, նրան օր առաջ պետք է տեսնել քննչական մարմինների հարցերին պատասխանելու միջավայրում։ Պետք է հասկանանք՝ ո՞վ հրահանգավորեց, որ կարևոր վկաները դուրս մնան դատաքննական փուլից կամ ընդհանրապես չլսվեն»։










