Հովհաննավանքում կեղծվեց սուրբ պատարագը այն պաշտոնյաների կողմից, ովքեր երբևէ պատարագի չէին մասնակցել. Զաքարյան


Հովհաննավանքում կեղծվեց սուրբ պատարագը այն պաշտոնյաների կողմից, ովքեր երբևէ պատարագի չէին մասնակցել. Զաքարյան
Հոկտեմբեր 26 20:09 2025

Ամեն շաբաթվա նման, այսօր ևս մայրաքաղաքի Սուրբ Աննա եկեղեցին լեցուն էր իր հավատավոր զավակներով: Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր վանքերում մատուցվում էր կիրակնօրյա պատարագ: Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

 

«Միայն Հովհանավանքում էր, որ կեղծվեց սուրբ պատարագը: Կեղծվեց ոմն մեկի կողմից, ով անկախ պատճառներից՝ փաստացի արտաքսվել է ՀԱՍԵ հոգևորականների դասից, և զուրկ է հոգևոր ծիսակատարության իրավունքից:

 

Կեղծվեց այն պաշտոնյաների կողմից, ովքեր նախապես կալանավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդին՝, որպեսզի հնարավոր դարձնեն Հովհանավանքում կեղծ պատարագի անցկացումը:

 

Կեղծվեց այն պաշտոնյաների պատվերով, ովքեր տևական ժամանակ, ջանասիրաբար փորձում են քանդել ՀԱՍԵ դարավոր հիմքերը՝ եկեղեցու դեմ հանելով կարգալույծ եղած, ինչպես նաև անձնական պատճառներով եկեղեցուց վրեժխնդիր լինող նախկին ու ներկա հոգևորականներին:

 

Կեղծվեց, պետբյուջից անվաստակ սնվող և հայրենադավությունն արդարացնող այն պաշտոնյաների կողմից (գործադիր և օրենսդիր) ովքեր երբևէ որևէ պատարագի չէին մասնակցել, բայց այսօր, հուդայի դեմքով հայտնվել էին Հովանավանքում՝ Աստծո առջև հերթական մեղքը գործելու և Նիկոլին քծնելու համար:

 

Ա Տիմոթեոսին 4:1-2 « Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին»:

 

Կեղծիքը, դավադիր վարքը, ազգային իղձերի ուրացումն ու մարտնչող տգիտությունն արդեն յոթ տարի հոշոտում է պետականության հենասյուները:

 

Առկա թերացումներն ու բացթողումները շտկելու փոխարեն, գործող կառավարիչներն ուղղակի հոշոտում են այն ամենը՝ ինչը հանդիսացել է մեր ժողովրդի ազգապահպանության և ինքնության ձևավորման երաշխավորը:

 

Այսպես շարունակվելու դեպքում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փորձելու են մասնատել՝ այն վերածելով շարքային աղանդավորական կառույցի, պառակտելով ու խռովություն մտցնելով նրա հետևորդների միջև»,-գրել է նա: