ՀՀԿ ֆրակցիան որեւէ մեկին չի դիմել հետ վերցնել գլխավոր դատախազի միջնորդությունը․ հերիք է ստեր տարածեք


ՀՀԿ ֆրակցիան որեւէ մեկին չի դիմել հետ վերցնել գլխավոր դատախազի միջնորդությունը․ հերիք է ստեր տարածեք
Հոկտեմբեր 25 17:47 2025

ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը,բայց նա այդպես էլ Աժ չներկայացավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

 

«Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում մի նախկին բարձրաստիճան պաշտոնյաի / գլխավոր դատախազ/ կողմից հնչեցված թեզերի պահով ,հստակ ասեմ.

 

2018-ի ապրիլի 22-ին Նիկոլին ձերբակալելուց հետո հայտարարվեց,որ ապրիլի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նիկոլին եւ եւս մի քանի ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու է Աժ։

 

Աժ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 22-ին գործուման էր եւ վերադարձավ ՀՀ ապրիլի 22-23-ի գիշերը։

 

ՀՀԿ ֆրակցիայում տեղի ունեցավ քննարկում ու բոլորս սպասում էինք ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ-ում գլխավոր դատախազի այցին ու հարցի քննարկմանը։

 

ՀՀԿ ֆրակցիան ուներ հստակ կարծիք ՝ բավարարել գլխավոր դատախազի միջնորդությունը։

 

Այլ կարծիք այդ օրերին ես չեմ լսել,իսկ հնչելու դեպքում՝ անհնար է չիմանայի։

 

Նույնիսկ ՀՀԿ ֆրակցիայի 3-4 պատգամավոր ապրիլի 23-ի առավոտյան Եվրոպայից շտապ ժամանեցին Երեւան ՝ մասնակցելու այդ կարեւոր քվեարկությանը։

 

ՀՀԿ ֆրակցիան որեւէ մեկին չի դիմել հետ վերցնել գլխավոր դատախազի միջնորդությունը։

 

Ապրիլի 23-ի առավոտյան ողջ ՀՀԿ ֆրակցիան ԱԺ -ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի ներկայացմանը։

 

Դատախազն ինքը չի ներկայացել նախատեսված ժամին Աժ ,որի պատճառով էլ նշված հարցի քննարկումը տեղի չի ունեցել։

 

Ամոթ է,հերիք է ստեր տարածեք։

 

Դուք բացի ՀՀԿ-ից ուրիշ անուն չգիտե՞ք»,- գրել է նա։