Հիմա կասեն՝ Նիկոլի փաստաբանն է, բայց պատերազմը կանխելու փոխարեն՝ փախան, անփորձ իշխանության առաջ էլ ծուղակ դրեցին. Գեղամ Նազարյան


Հիմա կասեն՝ Նիկոլի փաստաբանն է, բայց պատերազմը կանխելու փոխարեն՝ փախան, անփորձ իշխանության առաջ էլ ծուղակ դրեցին. Գեղամ Նազարյան
Հոկտեմբեր 24 16:10 2025

«Ուզում եմ կոչ անել, դադարեցնել հետևյալ խոսակցությունը և հետևյալ թեզերի տարածումը, թե ինչ-որ մեկը վերցրեց ու Արցախը հանձնեց»,-  ԱԺ-ում ասաց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Այնուհետև նա շարունակեց. «Ես ուզում եմ այդ նախադասությունը, երբ ասում եք և ուզում եք, որ ձեզ հավատան, մի փոքր երկար մտածեք՝  ինչ եք ասում: Ես ուզում եմ, որ այս մասին մտածի նաև մեր ամբողջ ժողովուրդը: Այսինքն, Արցախը տորթի կտոր էր և ինչ-որ մեկը վերցրեց և տվե՞ց:

Ո՞նց վերցրեց և տվեց: Բա եթե դա այդպես տալով և չտալով էր, բա ինչի թողեցիք, որ տա: Մի հսկա քաղաքական դաշտ՝ փորձով: Ես այս ամենը ձեզ ասում եմ, որ գոնե օգնեմ մի կաթիլ, որ սուտը, կեղծիքը, թույնը, խաբեությունը վերանա այս երկրից, որովհետև մեր հիմնական պրոբլեմը հենց դա է»։

Ըստ նրա, որևէ մեկը չէր կարող վերցնել ու տալ Արցախը, եթե այն մերը լիներ. «Մերն էին, մի ժամանակ Մեծ Հայքի մի մասն էր, այնպես, ինչպես Գանձակը, Ղազախը, Իգդիրը, Մուշը... Դա մենք գիտենք ու մեզ է հետաքրքիր, որևէ մեկին, այդ թվում ՌԴ-ին, Իրանին, Մադագասկարին, դա որևէ  կերպ հետաքրքիր չի եղել, այդ մասին շատ լավ իմացել է  Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը։ Իմացել են, բայց մեր հայ ազգը մի ծանր հիվանդություն ունի՝ բա ամոթ չէ՞ ճիշտն ասենք։  

Եթե Սերժ Սարգսյանը կես տոկոս, անգամ 10 տոկոս իմանար, որ վերահաս  պատերազմում մենք գոնե ինչ-որ մի հաջողություն ենք ունենալու, 2018 թվականին չէր  ճողոպրի իշխանությունից։ Ուզում եմ հայ ժողովուրդն իմանա ու քաջ իմանա։ Իրենք իմացել են, որ պատերազմն անխուսափելի է, ամեն տեղից ասել են, որ պատերազմն անխուսափելի է, իսկ իրենք կանխելու փոխարեն փախան, մի հատ ծուղակ էլ անփորձ, նոր իշխանության առաջ դրեցին, անընդհատ ասելով՝ սրանք եկել են, որ Արցախը տան, սրանք եկել են՝ տալու։ Երիտասարդ իշխանությունն ասում էր՝ չէ, մենք չենք տալու ու ավելի էին մտնում այդ ծուղակի մեջ։

Իհարկե, ես չեմ արդարացնում դա։  Գիտեմ, հիմա ասելու են Նիկոլի փաստաբանն է, էս է, ես հայ ժողովրդի փաստաբանն եմ։

Ես եկել եմ այստեղ, որ մեկ անգամ էլ ժողովրդին ասեմ՝ ժողովուրդ, թույլ չտաք ձեզ խաբեն, Արցախի հարցը որոշված է եղել 1922 թվականին, հետո՝ 1991 թվականին»։