Ողջունելի է, որ Վենետիկի հանձնաժողովը հնարավորություն ունեցավ Սահմանադրական դատարանի ուշացած դիմումի հիման վրա կարծիք հայտնել և փաստել այն իրավական խնդիրները, որոնց մասին մենք խոսում էինք դեռևս 2022 թվականից։ Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Փաստաբանը պարզաբանեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը («հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը») նոր ընդունված Քրեական օրենսգրքում բացակայում էր և ներդրվել է քաղհասարակության որոշ ներկայացուցիչների, մասնավորապես, Դանիել Իոաննիսյանի բավական ակտիվ լոբբինգի արդյունքում։
Հարությունյանը նշեց՝ պարզվել է, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախագծի անգլերեն թարգմանությունը չի համապատասխանել հոդվածի հայերեն նորմատիվ տեքստին։
Ըստ նրա՝ անգլերեն տարբերակում սխալմամբ կամ դիտավորությամբ ավելացվել էր «հարկադրելու» տերմինը, ինչի արդյունքում Վենետիկի հանձնաժողովը կարծիք էր ձևավորել ոչ թե «նյութապես շահագրգռելու», այլ՝ «հարկադրելու» հիմքով։
«Այդ պատճառով հանձնաժողովը եզրակացրել էր, որ նման հանցակազմ կարող է համարվել համահունչ միջազգային չափանիշներին, քանի որ վերաբերում էր հարկադրանքին, բայց ոչ՝ նյութական խրախուսմանը»,– նշեց նա։
Փաստաբանը նաև ընդգծեց, որ իշխանությունները, այդ հոդվածը կիրառել են բացառապես ընդդիմադիրների դեմ։
Մինչդեռ նա օրինակ բերեց 2023 թվականի Երևանի ավագանու քարոզարշավը, երբ բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ էր հրապարակել ՔՊ-ի հանրահավաքից, որտեղ մանկապարտեզի աշխատակիցներ էին մասնակցում։









