Էրդողանն ու Ալիևը փորձելու են օգնել իշխանությանը կորցրած ընտրողներին հետ բերելու հարցում․ Մարուքյան


Էրդողանն ու Ալիևը փորձելու են օգնել իշխանությանը կորցրած ընտրողներին հետ բերելու հարցում․ Մարուքյան
Հոկտեմբեր 23 21:21 2025

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել․

 

«Իշխանությունները փորձում են հասարակությանը ներկայացնել մի իրավիճակ, իբր երկիրը սովի մեջ է, ցորեն չկա, և ահա՝ իբր ի ուրախություն բոլորիս, Ադրբեջանը թույլ է տվել, որ ղազախական ցորենը իր տարածքով անցնի Վրաստան ու գա Հայաստան։

 

Բնականաբար, սա արվում է առաջիկա ընտրություններից առաջ՝ սոցիոլոգիական պատկերն «շտկելու» նպատակով։ Եվ դեռ նմանատիպ քայլեր անպայման կլինեն Էրդողանի և Ալիևի կողմից․ նրանք փորձելու են օգնել գործող իշխանությանը կորցրած ընտրողներին ետ բերելու հարցում։

 

Մյուս դրդապատճառն էլ Զանգեզուրի միջանցք ստանալու մասին Ալիևի հայտարարությունները մեղմելն է՝ դրական քայլի իմիտացիայով։

 

Սա ամբողջությամբ կեղծ պատմություն է։

 

Իբր Հայաստանը ցորենի ճգնաժամի մեջ էր, ժողովուրդը սովամահ էր լինում, իսկ Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց։

 

Կա նաև մեկ այլ ստոր միտում՝ նսեմացնել 90-ականների հաղթանակները։ Այո՛, այն ժամանակ ցորեն չի եղել, և բերվել է Թուրքիայի տարածքով, բայց մենք հաղթած պետություն էինք։ Ինչպե՞ս կարելի է այդ ժամանակաշրջանը համեմատել այսօրվա պարտված, նվաստացած և ամեն ինչ միակողմանի զիջած Հայաստանի հետ։

 

Բավական է մեր հայրենակիցներին սպանած, էթնիկ զտումներ իրականացրած և բանտերում խոշտանգող Ադրբեջանի իշխանություններին սրբադասեք մեր երկրում»։