Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Տիգրան Գաբրիելյանը։ Գաբրիելյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է աշխատել Շենգավիթի զարգացման և համայնքի բարեկեցության բարձրացման ուղղությամբ։
«Շենգավիթ վարչական շրջանում մինչ օրս իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ։ Կատարվածը պահպանելու և զարգացնելու համար պարտավոր ենք միասնական աշխատանքով շարունակել զորացնել Շենգավիթը։
Սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հետ միասին մենք կխթանենք զարգացման նոր վեկտորներ։ Տնտեսական հնարավորությունները, սոցիալական ենթակառուցվածքները, ծառայությունների մատուցման որակը, այս բոլորը միավորելով՝ նպատակ ունենք, որ Շենգավիթը երևանցիների համար լինի սիրով ապրելու վայր, որտեղ իր պատմությունն ու գեղեցկությունը պահպանելու և նորով լրացնելու բազում հնարավորություններ կլինեն»,- նշել է Գաբրիելյանը։
Նա ընդգծել է, որ իր գործունեության առանցքում լինելու է բնակչության մասնակցությունը համայնքային որոշումների կայացման գործընթացին։
«Յուրաքանչյուր բնակիչ պետք է զգա, որ իր ձայնը կարևոր է, որ նրա գաղափարները գնահատվում են։ Շենգավիթի աշխատակազմի հետ համատեղ կառուցողական մոտեցմամբ կիրականացնենք մարդակենտրոն աշխատանքներ, որտեղ յուրաքանչյուրիս նվիրվածությունը գրավականն է լավագույն արդյունքների»,- եզրափակել է Գաբրիելյանը։