«Ո՞ւր են մեր գանձերը». Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ «Հայաստան» խմբակցությունն այսօր չի մասնակցում հարցուպատասխանին


«Ո՞ւր են մեր գանձերը». Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ «Հայաստան» խմբակցությունն այսօր չի մասնակցում հարցուպատասխանին
Հոկտեմբեր 22 17:20 2025

Որ  ընտրություններում մենք, ուզելով, թե չուզելով, վարչական ռեսուրս օգտագործելու փորձ անենք, պարտվելու ենք, ԱԺ-ում  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նա ասաց, թե տարօրինակ է, երբ ՔՊ-ի մասին խոսելիս ասում են՝ վարչական ռեսուրս են կիրառում։

 

«Մենք վարչական ռեսուրս կիրառելո՞վ ենք Հայաստանում հեղափոխություն արել»,- ասաց Փաշինյանը։

 

Ըստ նրա՝ այն քաղաքական ուժը, որը կհրաժարվի իր սեփական քաղաքական հաջողության պատմությունից ու կսկսի մտածել, որ  «Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հաջողության պատմությունն է ավելի հետաքրքիր», ապա դա ինքնասպանություն է։

 

«Սա իմ համոզմունքն է»,- նշեց Փաշինյանը։

 

Ի դեպ, նա նկատեց, որ «Հայաստան» խմբակցությունն այսօր չի մասնակցում հարցուպատասխանին։

 

«Ո՞ւր են մեր գանձերը»,- հետաքրքրվեց։

 

«Գանձարանում են»,- հավելեց Փաշինյանը։

 

Հիշեցնենք՝ նախորդ հարցուպատասխանի ժամանակ նա, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, ասել էր. «Մենք գտել ենք մեր երազանքի գանձերը։ Եթե գանձ եք փնտրում, նայեք հայելու մեջ, ձեզանից ավելի արժեքավոր գանձ մեզ համար գոյություն չունի, դրա համար մենք ձեզ փայփայում ենք, որ ձեր փայլն անընդհատ շողշողա»։