Իմ արշավը սկսել եմ Եռաբլուրից։ Ես Եռաբլուրի քաջերի սիմվոլն եմ. Խաչիկ Մանուկյան


Իմ արշավը սկսել եմ Եռաբլուրից։ Ես Եռաբլուրի քաջերի սիմվոլն եմ. Խաչիկ Մանուկյան
Հոկտեմբեր 22 16:09 2025

«Որ իշխանությունը Վաղարշապատում վարչական ռեսուրս է կիրառելու, ես որևէ կասկած չունեմ։ Դա ամենափոքր խախտումն է, որ կանեն։ Ես կուզեի, որ չարության ռեսուրսները չկիրառեն»,-նախընտրական քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչիկ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ նա Վաղարշապատի պատվավոր քաղաքացի է, գրող, հրապարակախոս։

Թեկնածուն վաղարշապատցիների հետ հանդիպումների ընթացքում արդեն ցուցակագրել է Վաղարշապատի ու դրա բնակիչների խնդիրները, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում։

«Սոցիալական խնդիրները պետք է լուծվեն հնարավորինս արագ։ Գյուղական համայնքներում տեսա գյուղատնտեսների, անասնաբույժների կարիք։ Մենք պետք է օգնենք արցախցիներին, ապահովենք նրանց ինտեգրումը»,-ասաց հրապարակախոս թեկնածուն։

Նշենք, որ թեկնածուն մինչ քարոզարշավի մեկնարկն այցելել է «եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այստեղ է  հանգչում նաև Մանուկյանի՝ 44-օրյա պատերազմում զոհված որդին՝ Վաչագանը։

«Իմ արշավը սկսել եմ Եռաբլուրից։ Ես Եռաբլուրի քաջերի սիմվոլն եմ։ Բոլոր այնդուխով փալասները, որոնք կփորձեն չարամտորեն ինչ-որ գործողություններ ծրագրել, կփալասվեն հայ ժողովրդի ոտքերի տակ»,-ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցությունն առաջադրել է գրող, հրապարակող Խաչիկ Մանուկյանի է թեկնածությունը։ Վաղարշապատում ավագանու ընտրություններ կկայանան նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական ուժեր։ «Հայրենիք» կուսակցության համարը 8-ն է։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մինչ հոկտեմբերի 30-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվելու է հոկտեմբերի 25-ից սկսած, երեք աշխատանքային օրը մեկ։  Ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել է մոտ երկու տասնյակ ԶԼՄ։ Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է մեկ տեղական կազմակերպություն՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»։