«Մեխակյանն ուզում էր ընկերոջ կնոջը նշանակեմ այդ հաստիքին». դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից


«Մեխակյանն ուզում էր ընկերոջ կնոջը նշանակեմ այդ հաստիքին». դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից
Հոկտեմբեր 20 22:26 2025
Հայաստանի կրթական համակարգում նոր առարկա է ներդրվել՝ «քաղաքական հնազանդություն»։ Ուսումնական նյութն էլ՝ եթե «սվոյ» չես՝ մի օր պարզապես կզանգեն ու կասեն՝ «հեռացված ես, գնա տուն»։
Ահա այդպես է եղել Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի դեպքում։ Առանց որևէ նախազգուշացման, առանց քննարկման, պարզապես հեռախոսով տեղեկացրել են, որ այլևս տնօրեն չէ։ Պաշտոնական ձևակերպումը՝ «քաղաքական զսպվածություն չի դրսևորել»։
Լիլիթ Պետրոսյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում վստահեցնում է՝ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, քաղաքական կուսակցության անդամ չի եղել: Վստահ է՝ աշխատանքից ազատման պատճառը Արգիշտի Մեխակյանի անձնական թշնամանքն է:
Պետրոսյանն ասում է՝ իր ազատման հետևում ոչ թե աշխատանքային խնդիր կա, այլ անձնական հաշվեհարդար։ Նրա խոսքերով՝
ազատման իրական պատճառը Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի անձնական թշնամանքն է։
Մեխակյանը ցանկացել է դպրոցի ՄԿԱ գծով տեղակալ նշանակել իր ընկերոջ կնոջը, ով ուսուցչի օգնական է և, ըստ Պետրոսյանի՝ չունի բավարար աշխատանքային ստաժ։
«Ես մերժել եմ այդ թեկնածուին, քանի որ նա չուներ անհրաժեշտ մասնագիտական փորձ և պատրաստվածություն։ Աշխատանքից ազատումս հենց այդ մերժման հետևանքն է։ Ես իմ ողջ կյանքում քաղաքականությամբ չեմ զբաղվել և որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Ազնվորեն եմ աշխատել դպրոցում, ազնվությունս, ցավոք, չգնահատվեց», — ասաց Լիլիթ Պետրոսյանը։
Բացի այդ, տարիներ առաջ դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցել է նաև Արգիշտի Մեխակյանի քեռակինը, բայց ընտրվել է Պետրոսյանը։ Եվ հիմա, երբ Վաղարշապատում ընտրական շունչ է փչում, Մեխակյանը որոշել է «հին հաշիվները մաքրել»։
«2021թ.-ին դպրոցի տնօրենի ընտրությանը մասնակցել է նաև Արգիշտի Մեխակյանի քեռակինը, սակայն ես եմ ընտրվել: Ինչքան կարող է մարդը հիշաչար լինել, որ այսքան տարի անց չմոռանա այդ պատմությունը, և որոշի՝ վրեժխնդիր լինել: Ավելի ուշ ստացա նաև ազատման հրամանը, որտեղ գրված է, թե
իբր պաշտոնավարմանս ընթացքում քաղաքական զսպվածություն չեմ դրսևորել։
Նշեմ, որ իմ ամբողջ կյանքում երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ և չեմ հարել որևէ քաղաքական ուժի, առավել ևս տնօրեն եղած ժամանակահատվածում։
Ազնվորեն և բարեխղճորեն ծառայել եմ իմ հայրենիքին, համայնքին և դպրոցին»,-շեշտեց նա:
«Քաղաքական զսպվածություն» բառակապակցությունը փաստորեն դարձել է մահակ նրանց դեմ, ովքեր չեն խոնարհվում իշխանության առաջ։
Լիա Սարգսյան