Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի ազատազրկումը ոչ թե իրավական ակտ էր, այլ իշխանական վախի մարմնավորումը։ «Ժողովրդավարության բաստիոնի» կեղծ քողի ներքո իշխանությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ չի հանդուրժում որևէ քննադատություն, հատկապես, երբ այդ քննադատությունը գալիս է հոգևոր դաշտից, եկեղեցուց, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի արժեքային ուղեցույցը։
Փաշինյանը վախենում է ձայներից, որոնք իրեն չեն ենթարկվում: Միքայել Աջապահյանը որևէ իշխանություն չունի, բայց նա ունի մի բան, որն այս իշխանությունը վաղուց կորցրել է՝ բարոյական հեղինակություն։ Այդ հեղինակությունը վտանգավոր է այն մարդու համար, որը իր ամբողջ քաղաքական ճանապարհին հենվել է ամբոխային հռետորաբանության վրա։ Աջապահյանի ձայնը չէր կարելի վերահսկել, իսկ Փաշինյանը վախենում է ամեն ձայնից, որը դուրս է իր ճնշվող շրջանակից։
Այս դատավճիռը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանում չկա տարածք, որտեղ կարող ես ազատ արտահայտվել՝ եթե քո խոսքը դուրս է գալիս իշխանության մտահղացումների տրամաբանությունից։
Դատարանը դարձավ հերթական անգամ մի վայր, որտեղ իշխանության վախերն օրինականացվում են։ Երբ դատավորը քրեական պատիժ է սահմանում մարդու համար, ով պարզապես իր կարծիքն է արտահայտել, այն էլ՝ հոգևորական դիրքից, դա այլևս օրենքի կիրառում չէ, դա քաղաքական հաշվեհարդարի ինստիտուցիոնալացում է։ Դատախազը պահանջեց 2.5 տարի բանտ՝ մի խոսքի համար, որը ոչ մի գործողություն չի հետևել։ Եթե խոսքն այս երկրում սահմանադրական կարգ է տապալում, իսկ պետական ինստիտուտները փլուզվում են մի հոգևորականի նախադասությունից, ապա կամ պետությունն արդեն փլուզված է, կամ իշխանությունը դատարկ է ներսից՝ իր վախերով։ Ընդհանրապես Փաշինյանի իշխանությունը բոլոր քննադատներին տեսնում է որպես պետության համար վտանգ:
Եկեղեցին, որպես անկախ կառույց, միշտ եղել է հիշեցում, որ պետության ուժը մերկ է, եթե այն չունի բարոյական հիմք։ Ու հենց այդ պատճառով է, որ Աջապահյանն այժմ բանտում է։ Որովհետև նա համարձակվեց ասել, որ այս պետությունն այլևս չի առաջնորդվում ճշմարտությամբ, հավատով և բարոյական պատասխանատվությամբ։
Այս դատավճիռը միայն Աջապահյանին չի ազատազրկել։ Այն բանտարկել է ամբողջ հանրության իրավունքը՝ խոսել, քննարկել, դատել, հավատալ։ Մենք մտել ենք մի իրականություն, որտեղ իշխանությունը լեգիտիմ չէ, այլ՝ թույլ, և իր թույլ լինելը քողարկում է դատարկ աղմուկով: Երբ հոգևորականը բանտում է իր խոսքի համար, դա նշանակում է, որ քաղաքականությունը ոչ միայն դուրս է եկել վերահսկողությունից, այլ դարձել է անբարոյական և անձնակենտրոն բռնապետություն՝ քողարկված ընտրություններով։ Այս դատավճիռը մի բան է փաստում ․ Նիկոլ Փաշինյանը վախենում է այն իրականությունից, որտեղ ինքը այլևս չի վերահսկում բոլոր գաղափարները։ Իշխանությունը վախենում է հատկապես նրանցից, ովքեր իշխանության ձգտում չունեն։ Քանի որ հենց այդ մարդիկ են՝ բարոյապես անկախ ու ազատ: Միքայել Աջապահյանը հաղթեց մի ամբողջ համակարգի, մերկացնելով ոչ միայն դատական համակարգի անփառունակ վիճակն, այլ՝ իշխանության չգոյությունը: