Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը փողոցային բառապաշարով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է դիմել, թե «Բոթասներդ հիշի, արա»: Փաշինյանի այս հայտարարությանը News.5tv.am -ի հետ զրույցում պատասխանել է Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը.
«Խոսում էր, թե ինչ-որ բոթասներով են եկել։ Ինքը Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել։ Ես չեմ հիշում, որ Իջևանից «Բենթլիով» եկած լինի: Համացանցում, ի միջի այլոց, շատ արագ սկսեց տարածվել, թե ում բոթասներն ինչ վիճակում էին: Ես պարզապես այդ խոսույթի սիրահարներին հիշեցնեմ, որ նախագահ Քոչարյանը Հայաստան տեղափոխվել է՝ որպես վարչապետ, երբ զբաղեցնելիս է եղել Արցախի նախագահի պաշտոնը: Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով և ուղեկցությամբ՝ ի տարբերություն ոմանց, որ չգիտես, թե որտեղից, ոնց ու ուր են հայտնվել»,- ասել է Միկոյանը:
Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից արած ջղաձիգ հայտարարություններին, կարծիք է հայտնել, որ Փաշինյանի ընդհանուր նյարդային վիճակը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրան Բաքվի զորահանդեսին չեն հրավիրել.
«Իրոք, այդ Ալիևն էլ շատ ուրացող մարդ է, կարող էր զինատեսակների փոխարեն Նիկոլ Փաշինյանին կանչել, դա քայլեր՝ որպես իրենց ամենաուժեղ զինատեսակ»,- ասել է Միկոյանը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին Հանրային հեռուստաընկերության հրավիրված լինելուն՝ Բագրատ Միկոյանը նշել է.
«Ասում էր՝ ինչ-որ ասուլիսներ են տալիս, չեն հրավիրում այլ լրատվամիջոցների: Նախագահ Քոչարյանի այս տարվա առնվազն վերջին 2 ասուլիսին Փաշինյանին սպասարկող Հանրային հեռուստաընկերությունից լրագրող հրավիրվել է, չասեմ, որ մոտ 40-50 լրագրող է ներկա եղել, այսինքն՝ դա համար մեկ կեղծիքն է, թեև իր դեպքում «կեղծիք» բառն արդեն սովորական է»,- News.5tv.am-ի հետ զրույցում ասել է Միկոյանը:










