Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ֆորումի ընթացքում ելույթ ունեցավ՝ շեշտելով, որ ֆորումը լավ հարթակ է ոլորտի խնդիրները, առկա հնարավորություններն ու մարտահրավերները վեր հանելու և քննարկելու համար։
«Ընդհանրապես հանքարդյունաբերություն ասելով՝ մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, որովհետև ոլորտի 95 և ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործմանը, բայց իրականում այս իրողության մեջ էլ խնդիրներ կան, բայց պիտի ընդգծեմ, որ կառավարությունն այս համատեքստում լրջագույն խնդիրների է բախվում, օրինակ, ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ Երբ Հայաստանում շինարարության տեմպերն ակտիվացան, մենք զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա, այն դեպքում, երբ Հայաստանի մասին խոսելիս՝ ամեն երրորդ նախադասության մեջ ասում ենք՝ «քարերի երկիր Հայաստանը»։ Բայց հետո պարզվեց, որ մենք մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար ենք ներկարում Հայաստանից։ Սա ցույց է տալիս, որ մենք խնդիրներ ունենք։
Հանքարդյունաբերության մեջ մետաղական հանքերի շահագործման 95 տոկոսը ավելացված արժեքի, կշռի մասով, գուցե, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես քարի մշակման և արդյունահանման ոլորտում անելիքներ ունենք, որովհետև դա առաջին հերթին մեր տնտեսության պոտենցիալն է, երկրորդը՝ մեր երկրի կոլորիտը մեր երկրում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը մենք այդքան էլ լավ չենք անում։ Ես ուզում եմ կիսել մի տպավորություն վերջերս Չինաստան կատարած իմ այցից։ Ինձ շատ զարմացրեց, որ Չինաստանում շատ տարածված երևույթ է, որ երկրում առկա քարերից ուղղակի քարի հուշարձաններ գոյություն ունեն։ Դրանք շատ գեղեցիկ են և բնակավայրերին կոլորիտ են մատուցում։ Հայաստանի 60 տոկոսը, երևի, տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի տուրքը նորմալ չենք էլ մատուցում և տուֆի մոնումենտ չունենք նույնիսկ, և մենք որոշել ենք, որ առաջիկայում Արթիկ համայնքի հետ այս բացը կլրացնենք։ Նախ սա բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև է, նաև մեր խոսույթները իրականության հետ համապատասխանեցնելու կարևոր ձև է։ Էլ չեմ ասում, որ շինարարության ոլորտում քարի ներկրումը շատ տարածված երևույթ է։ Ես չեմ ասում, որ Հայաստան քար չպետք է ներկրվի, որովհետև տարբեր պահանջներ կան, ես խոսում եմ նրա մասին, որ այն, ինչ մենք ակնհայտորեն նկատի ենք ունեցել, որ Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա բյուջեի ներդրումներով, հետո ենք պարզել, որ դա իրականում ներմուծման վրա է օգտագործվում։ Այս համատեքստում ես շատ կարևորում եմ նաև ոլորտի թափանցիկությունը և, իհարկե, ոլորտի պրոֆեսիոնալությունը, որովհետև նույն քարի ոլորտում տարբեր պատճառներ կան, թե մենք ինչի համար ենք այսպիսի վիճակում։ Այդ պատճառներից մեկը ոչ թափանցիկությունն է և այդտեղ գիտելիքի վրա ներդրումների քչությունը, սակավությունը կամ բացակայությունը, և մենք սրա վրա պետք է մեծ ուշադրություն դարձնենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիրներ ունի ավազի արդյունահանման ոլորտում, որովհետև դա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա։ «Մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք նաև այն պատճառով, երբ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում շինարարության այս ծավալների պատճառով, շատ արագ ճնշումներ ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես գոնե ինչ-որ երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում՝ ստվեր, որն ամեն օր մեր փողոցներով, մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել, և սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ մենք այստեղ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առնչվում, երբ պարզվում է, որ մենք, Արաքս գետից ավազ արդյունահանելով, մեր երկրի տարածքն ենք կրճատում... ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են։ Եվ մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտի մեծագույն խնդիրներից մեկը ոլորտի իմիջն է՝ շեշտելով, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այստեղ բազմաթիվ հարցեր են կուտակվել։ «Պետք է խոստովանել, որ հանքարդյունաբերության շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված, և մենք դրա պատճառները պետք է հասկանանք։ Չնայած այս ընթացքում մենք որոշակիորեն պատճառները հասկացել ենք, որովհետև ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, պրոբլեմն այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել, և ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք։ Եվ մենք աշխատում ենք այս խնդրի վրա։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի կառավարությունը և, ի դեմս Կառավարության, նաև ժողովուրդը, ըստ էության, մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուլսարի հանքում։ Եվ սա շատ կարևոր է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հավելեց, որ 2018-2025 թվականներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ նախորդ 7 տարիների համեմատ պետական բյուջե կատարած վճարումների ծավալն ավելացել է շուրջ 148 տոկոսով։ «Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելացնում է պետական բյուջեի եկամուտները, սա շատ կարևոր է մարդկանց մոտ այն գիտակցումը կենդանացնելու և սերմանելու համար, որ ընդերքը ժողովրդինն է, և ժողովուրդն ու պետությունը դրանից ավելի մեծ օգուտներ են ստանում։ Ի վերջո, այդ վճարումները դառնում են ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, անվտանգություն և այսպես շարունակ։ Ես այս հանգամանքը շատ կարևոր եմ համարում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ 2018 թվականից քննարկում են Հայաստանի հանքարդյունաբերության համապատասխանությունը լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտներին։ «Սա էլ է խնդիր։ Չեմ կարող ասել, որ մենք այս ուղղությամբ ոչինչ չենք արել, բայց նաև հաստատված ավանդույթները կամ մշակույթը փոխելը հեշտ գործ չէ։ Մենք սա պետք է հասկանանք, բայց մյուս կողմից պետք է նաև առերեսվենք այն խնդրի հետ, որ սա առաջնահերթություն է, որովհետև շրջակա միջավայրի նկատմամբ հոգսը շատ էական է, մանավանդ հիմա, մանավանդ այս շրջանում և մանավանդ սիմվոլիկ առումով, երբ մյուս տարի Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության COP17 համաշխարհային համաժողովը»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ հանքարդյունաբերությունը գիտելիքահեն ոլորտ է, քանի որ արդյունավետ հանքարդյունաբերությունը պահանջում է բարձր որակի մասնագետներ, ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ուղղությունների բարձր որակի մասնագետներ։ «Ես նկատի ունեմ այն, որ հանքարդյունաբերությունը կրթության լոկոմոտիվ է, նաև տնտեսության լոկոմոտիվ է, որովհետև հանքը շահագործելու համար բազմաթիվ այլ տնտեսվարողներ են աշխատում և գործունեության բազմաթիվ այլ ձևեր են զարգանում։ Ես ուզում եմ, որ մենք ուշադրություն հրավիրենք այն փաստի վրա, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի ներսում մարդկանց մասնագիտական կարիերա անելու շատ մեծ հնարավորություններ է տալիս, և ինչքան մենք բարձրացնենք մեր հանքարդյունաբերության ստանդարտը, այնքան ավելի կշատանան բարձր որակավորում ունեցող մասնագետները»,- ասաց ՀՀ վարչապետը։