ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական հնարավորություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի՝ Հայաստան այցի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհանրապես, Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, երբ պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ու սահմաններով։
«Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա ասաց, թե մինչև 2004 թվականն այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ բացակայությունը, ու երբ դրոշմը հայտնվել է, դա՞ ինչ է նշանակել։
«Առաջիկայում ես կխոսեմ հայրենասիրության այն մոդելի մասին, որի շրջանակներում կայացվել են բոլոր որոշումները, իսկ հիմա այդ բոլոր քայլերը, որ իրականացնում ենք, իրականացնում ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունն ուժեղացնելու համար, մենք դա անում ենք Հայաստանն առավելագույնս պատասխանատու միջազգային անդամ դարձնելու համար»,- ասաց վարչապետը։