ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հայտարարություն են արել․
«Անթույլատրելի ենք համարում և խստորեն դատապարտում ենք իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած հայտարարությունները:
Արձանագրենք, որ իրավիճակը սկիզբ է առել, երբ Արթուր Հովհաննսիյանը փորձել է խոչընդոտել Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը, երբ վերջինս հայտարարել է, թե Փաշինյանը բավարար ջանք չի գործարում Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ:
Սա ոչ միայն ԱԺ-ում տիրող անհանդուրժողական մթնոլորտի հերթական դրսևորումն է, այլև սեռով պայմանավորված խտրականության դրսևորում և ուղղակի հարձակում կանանց քաղաքական մասնակցության դեմ։
Այս իրավիճակը պետք է արժանանա ոչ միայն ներքաղաքական, այլև միջազգային իրավապաշտպան ու կանանց իրավունքներով զբաղվող կառույցների միանշանակ գնահատականին։
Ակնհայտ է, որ մասնագիտական գործունեություն իրականացնող կանանց պարբերաբար թիրախավորելը վերածվել է իշխող ուժի ներկայացուցիչների կրկնվող արատավոր գործելաոճի։
Փաստ է նաև, որ իշխող ուժի ներկայացուցիչները հետևողականորեն իրականացնում են քաղաքական դիսկուրսը նսեմացնելու և արժեզրկելու քաղաքականություն՝ այն վերածելով վիրավորանքների ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունների շարանի։ Սա վտանգում է հանրային բանավեճի առողջությունը և ժողովրդավարության հիմքերը, ուստի պետք է արժանանա հանրային կտրուկ և միանշանակ արձագանքի։
Հատկանշական է, որ Արթուր Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկնում բարոյական նվազագույն նորմերին հակասող վարքագծով․ նա հայտնի է բռնության հրապարակային կոչերով և ընդդիմադիր գործիչների հասցեին զրպարտություններով, որոնց համար դատարանի վճիռներով պարտավորվել է ներողություն խնդրել։
Անընդունելի համարելով Ազգային ժողովի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հանրային հարթակում նման կնոջը թիրախավորող և նվաստացնող բառապաշարի կիրառումը՝ մենք պահանջում ենք․
ա. Արթուր Հովհաննիսյանի կողմից հրապարակային ներողություն՝ իր հայտարարությունների համար,
բ. Ազգային ժողովի ղեկավարության հստակ, հասցեական և հրապարակային դատապարտում, ինչպես նաև Ա. Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում»։
Ագնեսա Խամոյան
Աննա Գրիգորյան
Աննա Մկրտչյան
Ասպրամ Կրպեյան
Արեգնազ Մանուկյան
Արմինե Խերանյան
Արմենուհի Կյուրեղյան
Արփինե Վարդանյան
Զեմֆիրա Միրզոևա
Էլինար Վարդանյան
Իրինա Գասպարյան
Լիլիթ Գալստյան
Քրիստինե Վարդանյան