Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․
«Կիրանցում դպրոցի նոր շենք բացեցին, սակայն Կիրանցի բարձր դասարանցիները հաճախում են Ն․ Ծաղկավանի ու Սարիգյուղի դպրոցներ։
2024թ․ սեպտեմբերի 1-ին բացվեց սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցի շենքը։ Մինչ այդ ասում էին, որ նորակառույց դպրոցը ստանալու է միջնակարգի կարգավիճակ, սակայն այդպես չեղավ, գյուղի բարձր դասարանցիները նախկինի նման դասեր են անում Իջևան համայնքի այլ բնակավայրերի դպրոցներում։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին սեպտեմբերի 1-ին հարցրել եմ․ «Ներկայումս քանի՞ աշակերտ ունի Կիրանցի դպրոցը, այն ե՞րբ է միջնակարգի կարգավիճակ ստանալու։ Կիրանցի բնակիչ 10-12 դասարանցի քանի՞ աշակերտ կա, նրանք Իջևան համայնքի ո՞ր դպրոցներում են սովորում, պետական բյուջեից 2025թվականի համար որքա՞ն գումար է նախատեսված նրանց այլ բնակավայրի դպրոց տեղափոխման և վերադարձի համար»։
Մարզպետարանից պատասխանել են․ «Ներկայումս Կիրանցի դպրոցն ունի 42 աշակերտ: Կիրանցի բնակիչ 10-12-րդ դասարանցի 9 աշակերտ կա, նրանցից 8-ը սովորում է Ն. Ծաղկավանի միջն. դպրոցում, 1-ը՝ Սարիգյուղի միջնակարգ դպրոցում: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասղեկը հաշվապահին է ներկայացնում տվյալ աշակերտի հաճախումների թիվը, ըստ որի յուրաքանչյուր օրվա տեղափոխման և վերադարձի համար աշակերտին տրվում է 200 դրամ»: