«Իմ դեմ հայցադիմում է ներկայացվել տարբեր նպատակներով։ Նպատակներից մեկն ինձ վնաս պատճառելն է»,- Հակակոռուպցիոն դատարանում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական հերթական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ ակնհայտ դեպքեր կան, երբ եկամուտները տասնյակ անգամ նվազեցվել են, եկամուտներ, որոնք ակնհայտորեն ստացվել են, չեն հաշվարկվել։
«Ապացույցների հիմնական մասը գտնվում է հենց Հայաստանի Հանրապետության տիրապետման ներքո, և դատախազությունը մատը մատին չի խփել ու չի էլ պատրաստվում որևէ գործողություն անել, որ այդ ապացույցները բերվեն դատարան։
Արհեստականորեն նվազեցվում են եկամուտները, ուռճացվում են ծախսերը։ Օրինակ, բոլոր գործուղումների ծախսերը համարվել են անձնական ծախս, իսկ դրա դիմաց պետությունից ստացված փոխհատուցումները՝ ոչ։ Իմ նպատակն է ցույց տալ, որ ընդհանրապես նման մոտեցումն իսկապես արդարադատության նկատմամբ ծաղր է»,- ասաց արդարադատության նախկին նախարարը։
Նա ընդգծեց, որ օրենքն ինքնին ունի համակարգային խնդրներ, ցավոք, ՍԴ-ն դրան դեռևս չի անդրադաձել, բայց շատերի համար, ովքեր ունկնդիր էին այս նիստին, պարզ դարձավ, որ կան դեպքեր՝ եթե պետությունը չի պահպանել ապացույցները, ապա որևէ այլ ապացույց ներկայացնել, բացի իր խոսքից, հնարավոր չէ։
«Հասկանալի է, որ դա լավագույն լուծումը չէ։ Դրանք օրենքի համակարգային խնիդրներն են։ Անգամ եթե դրանք անտեսնեք, պարզ է, որ դատախազությունն ընտրել է աշխատանքի մի ոճ, որը որևէ աղերս չունի արդարության հետ, այլ նպատակ է հետապնդում ցանկացած գնով փորձել ապացուցել, որ անձն ունի ապօրինի գույք»,- ասաց նա։
Ըստ Դ. Հարությունյանի, այս ամենով փորձում են լուծել կարճաժամկետ խնդիր, անգամ դատախազի ելույթի ոճից հասկանալի էր. «Երբ բերում ես ապացույցներ, նույն պետական մարմինների կողմից, օրինակ ֆինանսների նախարարություն և այլ, ուղղակի փակ աչքերով ասել՝ չենք ընդունում դա, խոսում է այն մասին, որ դրված է կարճաժամկետ խնդիր՝ ցանկացած գնով ստեղծելու այնպիսի տպավորություն, որ գոյություն ունի ապօրինի ծագում ունեցող գույք»։
Նա նշեց, որ այս օրենքի նպատակը շատ ազնիվ է՝ պայքարել կոռուպցիայի դեմ, բայց չի կարելի այդ նպատակը մնա թղթի վրա, օգտագործվի զուտ քաղաքական հաշվեհարդարների համար։
«Դա է պատճառը, որ անգամ 1000 դրամի մակարդակով ստիպված բանավիճում եմ։ Ինձ անհրաժեշտ է, որպեսզի այս օրենքը գործի իսկապես իր ոգուն ու տառին համապատասխան, այլ ոչ թե ստեղծվի պայքարի արհեստական իմիտացիաներ»,- ասաց Դ.Հարությունյանը։
Panorama.am-ի հարցին՝ ինչո՞ւ է դատախազությունն ուզում վնաս հասցնել իր հեղինակությանը՝ փորձելով ամեն կերպ ապացուցել, որ գոյություն ունի ապօրինի ծագում ունցող գույք, կարելի՞ է ասել քաղաքական հաշվեհարդար է, Դ.Հարությունյանը պատասախանեց. «Ես ենթադրում եմ, այլ բացատրություն չունեմ, թե ինչու արդարադատության նախարարի աշխատավարձը կարելի է ներկայացնել 13 անգամ քիչ, չգիտեմ ինչու՝ չի կարելի բացել օրենքը, կարդալ գոնե ինչքան էր դրույքաչափն ու բազմապատկել 12-ով։
Այսօրվա նիստի ընթացքում այնքան ճչացող դեպքերի ականատես եղանք»։
Պատասխանելով այլ հարցի՝ կարճաժամկետ ի՞նչ խնդիր են ուզում լուծել՝ միգուցե պատրաստվում են ընտրություններին, թե PR տեսանկյունից են ուզում հանրությանն ինչ-որ բան ցույց տալ Դ. Հարությունյանն ասաց. «Ենթադրում եմ՝ և , և. տարբեր խնդիներ են լուծում՝ պատժիչ խնդիր, PR խնդիր, ընտրությունների խնդիր, փորձում են մի կրակոցով մի քանի նապաստակ որսալ։ Գաղտնի չէ, երբ այս օրենքի առաջին նախագիծը եղավ, ես ամենախիստ քննադատն էի։ Քննադատում էի ոչ թե օրենքի նպատակը, համարում եմ՝ օրենքը խիստ կարևոր է, այլ մեխանիզմները, որոնք դրված են եղել այդ օրենքի հիմքում։ Այդ գիծը տարել եմ մինչև վերջ, եղել եմ պատգամավորների ներկայացուցիչը Սահմանադրական դատարոնւմ։ Կարծում եմ՝ սա հանդիսացավ առաջին քայլը, որը դրդել է որոշակի պատժիչ գործողություներ իրականացել»։
Նա նշեց, որ ինքը զբաղվում է իրավաբանական ծառայություններ մատուցելով, ընդ որում՝ հիմնականում ոչ Հայաստանի սուբյեկտներիի հետ կապված. «Ես անմիջապես տեղեկացրել եմ այս գործի մասին բոլոր նրանց, ում ծառայություն եմ մատուցել, իրենք ասել են՝ այս պայմաններում չեն կարող շարունակել աշխատել իմ հետ։ Բնական է, ճշգրիտ որոշում է իրենց կողմից։ Դրանով ինձ վնաս են տալիս, այսինքն սա երկրորդ քայլն է՝ հնարավորինս վնաս տալ ինձ։ Մեկ տարի է կազմակերպությունն ունի 0 եկամուտ։ Հայցադիմումը ներկայացնելուց հետո առաջին իսկ հապարակման պահից բոլոր պայմանագրերը խզվել են։ Այնպես որ հետապնդվող նպատակները բազմաշերտ են»։