ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
«1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդադարանը հայտարարեց Ադրբեջանից անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին:
Ադրբեջանը պատասխանեց պատերազմով` ներքաշելով դրա մեջ և Արցախին, և Հայաստանին: Հայ ժողովրդի վզին փաթաթված այդ պատերազմում հայ ժողովուրդը 1994 թվականին մեծ հաղթանակ տարավ, ետ մղելով Ադրբեջանի ագրեսիան: Զինադադարից հետո ընթացած բանակցությունները ավարտվեցին 1997 թվականի Մինսկի համանախագահության կողմից խաղաղ կարգավորման փուլային պլանի ներկայացմամբ, որն ընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից, բայց մերժվեց Լեռնային Ղարաբաղի կողմից:
Ցավոք, 1997-ից հետո հայ ղեկավարների դրսևորած առավելապաշտությունը, իսկ 2018-ից հետո` նաև լկտի ու անգրագետ արկածախնդրությունը, եթե ոչ դավաճանական ծառայամտությունը, աստիճանաբար հանգեցրեցին Արցախի կործանմանն ու նրա ժողովրդի դեմ ցեղասպանական էթնիկ զտմանը, որի համար, բացի Ադրբեջանից, ուղիղ պատասխանատվություն է կրում նաև Նիկոլ Փաշինյանը, որը այս տարվա օգոստոսին 23-ին հայտարարեց, որ մերժել է Արցախի խնդրի կարգավորումը, որպեսզի հաշտություն ստանա Ադրբեջանի հետ և երկխոսություն` Թուրքիայի հետ:
Արցախի զոհաբերման վերջին ակտն էր երեկ Փաշինյանի և Ալիևի համատեղ ջանքերով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որով Արցախի խնդիրը վերջնականպես դուրս եկավ միջազգային քաղաքականության օրակարգից:
Այսօր` իմ դառը շնորհավորանքը Արցախի ժողովրդին, պատմական հայրենիք նրա վերադարձի պաշտպանումը, և ամոթանքը` Արցախի խնդրի լուծումը վիժեցրած բոլոր ղեկավարներին»: