Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավորություն ուներ կեսից դուրս գալ, բայց մնացին մինչև վերջ. Կարեն Սարգսյան


Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավորություն ուներ կեսից դուրս գալ, բայց մնացին մինչև վերջ. Կարեն Սարգսյան
Սեպտեմբեր 2 17:24 2025

«Ես և իմ թիմը մինչև վերջ մնացել ենք Արցախում, որպեսզի բոլոր զոհվածներին որոնենք, հայտնաբերենք ու հանենք, մեր հետ բերենք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։  

 

Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվեց Բաքվում, նա պատասխանեց. «Ես էլ նույն ձևի մի ղեկավար էի, ես ի՞նչ իմանամ, ինչ իմանամ՝ ինչի են ինձ բաց թողել։ Ես մեղք ունե՞մ։

 

Մենք բոլորս, բոլոր ղեկավարները այդ ցուցակի մեջ էինք, հասկանում եք բոլոր ղեկավարները, պատերազմի բոլոր մասնակիցները, կարկառուն դեմքերը, հիմա թե ինչ եղավ, ոնց եղավ, ում բաց թողեցին, ում պահեցին, չեմ կարող ասել»։ 

 

Հարցին, թե արդյոք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր տանն են եղել, Կ. Սարգսյանն ասաց. «Այո, եղել են։

 

Իրենք մնացել են մինչև վերջ, իրենք հնարավորություն ունեին կեսից դուրս գալ, դուրս չեկան, նորից եմ կրկնում, առիթ է եղել դուրս գան, դուրս չեն եկել, ինձ ասել են՝ մենք դուրս չենք գալու մինչև վերջին մարդը, արցախցին, հայը դուրս չգա Արցախից, ես կրկնել եմ դա, նորից կրկնեմ, գաղտնիք չկա, դա է ամենը։ Իրենք մնացել են ու վերջում գերեվարվել են»։ 

 

Անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե «նախագահները գտնվել են Իվանյանում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում, որ ռուսները խոստացել են նրանց դուրս բերել, սակայն վերջին էտապում ուժային կառույցների ղեկավարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին, Կարեն Սարգսյանին, ԱԱԾ հրամանատարներին և այլոց Հակարիի կամուրջի մոտ ադրբեջանցիները նրանց առաջ պայման են դրել՝ կամ ձեր ղեկավարներին տեղն եք ասում, կամ ձեզ Բաքու ենք տանում։ Ըստ այդ վարկածի՝ այս պաշտոնյաներն էլ մատնել են նրանց։ Նրանք հետ են վերադարձել Արցախ, կապել Բակո Սահակիչի հետ, նկարագրել իրողությունը և խնդրել, որ նախագահները կան Կարեն Սարգսյանի տուն՝ ադրբեջանցիների հետ բանակցելու։ Նրանք էլ որպեսզի իրենց ընկերներին փրկեն՝ եկել են ու գերի ընկել», Կարեն Սարգսյանն արձագանքեց. «Ես իմ մասով կարող եմ ձեզ ասել, եթե Սամվել Բաբայանը ասում է, թե ինձ Հակարիի կամուրջից հետ են տվել, ստում է»։ 

 

Նա նաև ասաց. «Մեր տանը խաղաղապահ չի եղել, նախագահները մեր տնից չեն գնացել»։