Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվում, որ Պակիստանն արգելափակել է ՇՀԿ-ին միանալու Հայաստանի դիմումը՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կայացված նմանատիպ որոշման։
Այս կապակցությամբ News.am-ը հարցում է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։
«Հայաստանը կշարունակի աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»,- ասել է ԱԳ խոսնակը՝ հավելելով,-«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»։
Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Չինաստանում, հատուկ գոհունակությամբ էր նշել, որ Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթաց են սկսել և այս առիթով հատուկ ընդգծել էր Ադրբեջանի հետ սերտագույն հարաբերություններ ունեցող Պակիստանի վարչապետ Շարիֆի անունը։