Լրագրողների խնդրանքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ՀԷՑ-ի շուրջ զարգացումներին։
«Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որ ռուսական ընկերությունից ձեռք բերի Հայաստանի էլեկտրական ցանցերը, որովհետև էլեկտրական ցանցերը իրոք շատ վատ վիճակում էին, և պետք էր մարդ, ով սրտացավություն կցուցաբերեր, մարդ, ով կցանկանար տևական ժամանակ, շահույթ չհետապնդելով, ներդրումներ անել, ինչը գոնե մինչև 2018 թվականը Սամվել Կարապետյանը կատարել է։ Կարծում եմ՝ դրանից հետո էլ շարունակած կլինի»,- ասաց նա։
ՀԷՑ-ի «ազգայնացման»՝ իշխանությունների ծրագրի առնչությամբ էլ երժ Սարգսյանը նշեց․
«Ի՞նչ է նշանակում՝ հապշտապ օրենք ընդունել, այդ օրենքով ինչ-որ նշանակումներ անել, գնալ, ուրիշի սեփականությունը կառավարել, մարդկանց աշխատանքից ազատել, ֆինանսական միջոցներ տնօրինել ․․․ Իհարկե, վատ եմ վերաբերվում։ Տեսնենք, համենայն դեպս, արբիտրաժի որոշում կա, դատական պրոցեսներ են լինելու»։
ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու նպատակը, ըստ Սերժ Սարգսյանի, կարող է լինել նաև 2026-ի ընտրություններին ռեսուրսներ ունենալը ու դրանք օգտագործելը։