Ադրբեջանին զենքի վաճառքը սրել է Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները, որոնք ՀԱՊԿ-ի շրջանակներում համարվում են գործընկերներ: Այս մասին գրում է «Հետք»-ը:
Տարիներ շարունակ ՀՀ պաշտոնյաները հրապարակային վրդովմունք են արտահայտել այն փաստի վերաբերյալ, որ Բելառուսը զենք-զինամթերք է վաճառում Ադրբեջանին, որի հետ երկարատեւ ռազմական հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ:
Բելառուսից արտահոսած ներքին շրջանառության փաստաթղթերը ցույց են տալիս, որ բելառուսական որոշ զինատեսակներ 2020 թ. Ադրբեջանի կողմից կիրառվել են Լեռնային Ղարաբաղում հայ զինվորականների դեմ:
ՀՀ կառավարության համար Բելառուսի կողմից իր թշնամուն զենքի վաճառքը հատկապես մտահոգիչ է, քանի որ այս երկու երկրները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են: Չնայած նույն դաշինքի անդամ լինելուն՝ զենք արտադրող բելառուսական «Տետրաէդր» մասնավոր ընկերությունը, վերջինիս արտահոսած էլեկտրոնային նամակների եւ ներքին զեկույցների համաձայն, օգնել է Ադրբեջանին թարմացնել իր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը:
Արտահոսած փաստաթղթերը ձեռք են բերել Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) եւ վերջինիս գործընկերներ «Հետքն» ու «Բյուրո Մեդիան», որը հիմնել են վտարանդի բելառուս լրագրողները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում