Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․
«Մեզ բնականաբար ամենից շատ կհուզի հարցը, թե արդյո՞ք Ալյասկայում եղել է Հարավային Կովկասի թեման: Իմ կարծիքով՝ այդ հարցը Ալյասկայում չէր կարող արժանանալ շատ, թե քիչ էական քննարկման: Եթե հաշվի առնենք այն, որ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ, իսկ ավելի ստույգ ասվում է 2 ժամ 45 րոպե, ապա կարծում եմ այդ ժամանակահատվածի համար կային շատ ավելի առանցքային ու մասշտաբային հարցեր, որոնք հրատապ են երկու կողմի համար էլ:
Սակայն, անգամ այդ պարագայում, հանդիպման ընդհանուր մթնոլորտն ու «ոգին» անկասկած ազդեցություն ունենալու է Կովկասում իրադարձությունների զարգացման տրամաբանության վրա:
Եթե դիտարկենք, որ Թրամպի ու Պուտինի այս հանդիպմանը չեղավ որևէ պատմական համաձայնության ազդարարում, բայց նաեւ չնշմարվեց կոնֆրոնտացիա, կարող ենք եզրակացնել, որ այդպիսին մենք չենք տեսնի նաև Կովկասում:
Այդ իմաստով, շարունակում եմ կարծել, որ օգոստոսի 8-ին Վաշինգթոնում տեղի ունեցածը գործնականում եղել է Ալյասկայի հանդիպման համաձայնեցումը հասունացրած եւ ամբողջացրած փաթեթի մաս»։