«Սովորեք ոչ միայն մասնագիտություն, այլև մտածել, ստեղծել, հարցեր տալ և պատասխանատվություն ստանձնել»․ Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյան


«Սովորեք ոչ միայն մասնագիտություն, այլև մտածել, ստեղծել, հարցեր տալ և պատասխանատվություն ստանձնել»․ Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյան
Սեպտեմբեր 1 12:25 2026
Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը գրում է․
 
«Սիրելի ուսանողներ և աշակերտներ,
Վաստակաշատ դասախոսներ և մանկավարժներ,
Կրթության ոլորտի հմուտ վարչարարներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Առանձնահատուկ խորհուրդ ունի այն, որ աշնան առաջին օրը նշում ենք որպես կրթության օր՝ նոր ուսումնական շրջանի և նոր կրթական ճանապարհի սկիզբ:
 
Մեզ համար այս օրը բազմապատիկ կարևոր է, քանի որ մեր մեծ ու բացառիկ տեխնոլոգիական կրթահամալիրում դպրության ճանապարհը սկսվում է նախակրթարանից և շարունակվում հիմնական ու ավագ դպրոցներում, քոլեջում և, իհարկե, համալսարանում՝ կրթելով ու ձևավորելով վաղվա մասնագետներին, գիտնականներին, տեխնոկրատներին և արժեքաստեղծ քաղաքացիներին։
 
Ցանկանում եմ, որ կրթության այս կարևոր փուլը ձեզանից յուրաքանչյուրի համար լինի ոչ միայն գիտելիք ստանալու, այլև անձնական աճի, հիմնարար կրթության, ակադեմիական կապերի ձևավորման և սեփական ներուժը բացահայտելու ճանապարհ։
 
Սովորեք ոչ միայն մասնագիտություն, այլև մտածել, ստեղծել, հարցեր տալ և պատասխանատվություն ստանձնել։ Պահպանեք Պոլիտեխնիկական արժեքները և դրանցով առաջնորդվելով՝ վստահ քայլեք դեպի ապագա։
 
Թող նոր ուսումնական տարին լինի նոր գիտելիքի, նոր հնարավորությունների, նոր գաղափարների և նոր ձեռքբերումների տարի։
Աշնան առաջին օրվա ջերմությամբ՝
շնորհավոր Սեպտեմբերի 1-ը։
 
Բարի՛ ուսումնական տարի»։