Ինչու է Խուդաթյանը Թուրքիա գործուղվում․ «Հրապարակ»


Ինչու է Խուդաթյանը Թուրքիա գործուղվում․ «Հրապարակ»
Հունիս 27 08:50 2025

«Հրապարակ» օրաթերթը» գրում է․

 

Այսօր՝ հունիսի 27-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմեկնի Թուրքիա, նրա հետ Թուրքիա կմեկնի նաեւ խորհրդականներից մեկը։ Նախարարությունից մեկնաբանեցին, որ այցի նպատակը «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում»-ին մասնակցելն է, որին 30-ից ավելի երկրների տրանսպորտային ոլորտի ղեկավարներ են մասնակցում․ դա նախարարական ֆորում է։

 

Մենք տեղեկություն ունենք, որ Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Խուդաթյանի եւ նրա տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ, քննարկել են մի շարք հարցեր՝ արդյո՞ք դե յուրե հնարավոր է Հայաստանից դեպի Թուրքիա ապրանքների արտահանումը եւ Թուրքիայից Հայաստան ներմուծումը, արդյո՞ք հնարավոր է Թուրքիայով ապրանքների տարանցում եւ Թուրքիայից Հայաստանով տարանցում` դե յուրե, եւ, վերջապես` թուրքական բեռնատարները կարո՞ղ են բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով կամ հակառակը։

 

Չի բացառվում, որ Թուրքիա այցի իրական նպատակն այս հարցերը կոնստրուկտիվ հուն ուղղելն ու հարաբերություններ հաստատելն է։