«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը այս տարվա մայիսի 8-ին ՀՀ ԱԺ ամբիոնից ուշագրավ բացահայտում արեց՝ հայտնելով, որ իր ձեռքին կան փաստաթղթեր, համաձայն որոնց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերոջ կազմակերպությունից՝ «48 Դիզայն» ՍՊԸ-ից, ՀՀ ԱԺ-ն գնել է ոսկե համրիչ՝ թզբեհ: Պատգամավորը հանրայնացրեց, որ համաձայն իր մոտ եղած փաստաթղթերի, որոնք ԱԺ-ն թաքցնում է, համրիչը գնվել է 2 մլն 200 հազար ՀՀ դրամով, պետական բյուջեի միջոցներից: Ո՞ւմ համար, ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով․ պատգամավորի հարցերը մնացին անպատասխան: Ամեն ինչի մասին խոսող Ալեն Սիմոնյանը լռում է այս մասին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը անձամբ Ալեն Սիմոնյանից փորձեց հետաքրքրվել, թե ում համար է գնել ոսկե համրիչը, ում է նվիրել և ինչու չի տալիս հաշվետվություն այդ մասին: ԱԺ նախագահը արդարացավ թե՝ կասեմ, բայց առանց տեսախցիկի: Մինչդեռ մենք նրանից հաշվետվություն էինք պահանջում հրապարակավ՝ պարզաբանելու, թե «հպարտ հարկատուների» միջոցներից ում համար է գնել ոսկե համրիչը, ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել այդ գնումը: «Կասեմ, բայց ոչ տեսախցիկի առջև»․ մինչդեռ մենք թաքուն ոչինչ չէինք ուզում լսել ԱԺ նախագահից:
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ եկել էր կոռուպցիան, թալանը, ստվերը վերացնելու, իրենք են թաթախվել այդ ամենում, և ԱԺ նախագահը հրաժարվում է հրապարակավ պարզաբանել, թե կոնկրետ ում համար և ինչ անհրաժեշտությամբ է ձեռք բերվել ոսկե համրիչը»։