Բաքուն նպատակ ունի Արցախի տարածքից հայ ժողովրդի բազմադարյա մշակութային հետքը վերջնական վերացնել


Բաքուն նպատակ ունի Արցախի տարածքից հայ ժողովրդի բազմադարյա մշակութային հետքը վերջնական վերացնել
Մայիս 10 22:35 2025

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը գրում է․

«Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանների և հուշահամալիրների հետևողական ոչնչացումը պարզապես վանդալիզմ չէ, այլ պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության ծրագրի բաղկացուցիչ մաս։ Սա բացահայտ ատելության քաղաքականություն է, որի նպատակն է Արցախի տարածքից հայ ժողովրդի բազմադարյա մշակութային և պատմական հետքը վերջնականապես վերացնել։

Արցախի` Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանները մարմնավորում են արցախահայության հակաֆաշիստական պայքարը և հայ ժողովրդի ավանդը համաշխարհային հակաֆաշիստական շարժման մեջ։ Դրանց դիտավորյալ ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի պատմական հիշողության դեմ։ Ադրբեջանի այս քաղաքականությունը խախտում է մի շարք միջազգային նորմեր և փաստաթղթեր, մասնավորապես՝

1954 թ. «Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիա (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75856 ) :

Կոնվենցիան պարտավորեցնում է բոլոր կողմերին պահպանել մշակութային արժեքները զինված բախումների ժամանակ:

1954 թ. Հաագայի Կոնվենցիայի Առաջին արձանագրություն (https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000152600_rus ):

Առաջին արձանագրությունը նախատեսում է մշակութային գանձերի արտահանման արգելք օկուպացված տարածքներից:

1999 թ. Հաագայի Կոնվենցիայի Երկրորդ արձանագրություն (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415 ) :

Երկրորդ արձանագրությունն ամրապնդում է մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային քրեական պատասխանատվության մեխանիզմները և ճանաչում է որոշակի գործողություններ որպես պատերազմական հանցագործություն:

1972 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» Կոնվենցիա (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75870 )։

1949 թ. Ժնևյան կոնվենցիաների IV կոնվենցիա և դրա 1977 թ. Առաջին լրացուցիչ արձանագրություն (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=21265 ):

Արգելում են մշակութային սեփականության դիտավորյալ ոչնչացումը զինված բախման ժամանակ:

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2347 բանաձև (2017 թ.) մշակութային ժառանգության պաշտպանության մասին (https://main.un.org/securitycouncil/ru/content/sres2347-2017 )։

Այս փաստաթղթերի դրույթների համատեքստում Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում հուշարձանների, հուշահամալիրների և կրոնական կոթողների ոչնչացումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, որը ենթադրում է միջազգային իրավական պատասխանատվություն։

2025 թվականի մարտի 12-ի արբանյակային լուսանկարներով արձանագրվեց, որ ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձան Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ: Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ և խաչքար՝ Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի ոճրագործությունների զոհերի հիշատակին:

2025 թվականի մայիսի 3-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Բաքվում Մեհրիբան Ալիևային պարգևատրեց Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի» առաջին աստիճանի շքանշանով՝ իբր «հասարակության ավանդական արժեքների պահպանման» համար (https://monumentwatch.org/hy/alerts/քրիստոնեական-արժեքների-ոչնչացումն-ո/ )։ Իրականում, այս պարգևատրումը որևէ առնչություն չունի մշակութային արժեքների պաշտպանության հետ և փաստացի ուղերձ է, որ, որոշ ազդեցիկ օղակներ միջազգային հանրությունում պատրաստ են աչք փակել Արցախի բռնազավթված տարածքներում շարունակվող մշակութային ցեղասպանության վրա։

Միջազգային իրավունքի շրջանակում անհրաժեշտ է․

դատապարտել Ադրբեջանի գործողությունները,

նախաձեռնել միջազգային հետաքննություն,

սահմանել միջազգային պատժամիջոցներ՝ մշակութային ցեղասպանության համար։

Բացի այդ, որպես լրացուցիչ իրավական գործիք` պետք է օգտագործել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը (https://ukodrf.ru/statya-243-4 ), որը նախատեսում է պատասխանատվություն Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների վնասման համար անգամ Ռուսաստանի սահմաններից դուրս ։

Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրի լուսանկարը «Բերդ թերթ»-ի արխիվից»: