Վիճաբանություն-ծեծկռտուք․ մայրը մահացել է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար


Վիճաբանություն-ծեծկռտուք․ մայրը մահացել է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Մայիս 30 23:21 2025

Այսօր՝ մայիսի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները Հաղթանակ 28 տան դիմաց հայտնաբերել են իրար բախված «BMW» մակնիշի «68 MM 100» և «BMW X5» մակնիշի «88 ABV 883» համարանիշի ավտոմեքենաներ։

Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, Երևանի 103 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից կինը գիտակցության չգալով շտապօգնության ավտոմեքենայում մահացել է, իսկ 2 տարեկան տղա երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով «BMW X5»-ը եղել է կայանված, կապ չի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքի հետ, իսկ մյուս «BMW»-ի վարորդը դեպքի վայրը լքել է։

Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են վնասված հետքեր և կան տեղեկություններ, որ այդ «Նիվան», որի համարանիշները փոխված են, վրան դրված է այլ համարանիշ, մասնակցություն է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։