Կենսաչափական համակարգի ներդման մրցույթն ամփոփել ենք, երկար մրցույթ էր, և հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը, ասուլիսի ժամանակ հայտարարեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
«Այս հայտատուի կազմում կան ուրիշ այլ ընկերություններ, բայց առաջատար անդամը Ֆրանսիայի հայտնի կազմակերպությունն է, որը հավաքել է 94,97 միավոր, իսկ AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A․ կոնսորցիումը՝ 79,24 միավոր։ Նշեմ, որ որակ-գին հարաբերակցության չափանիշով է անցկացվել մրցույթը, որակի մասնաբաժինը ընդհանուր գնահատականի մեջ 70 տոկոս է։ Մենք արդեն պետք է պայմանագիր կնքենք հաղթող ընկերության հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ հայտատուն պետք է ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցում ունենա։
Դավթյանը կրկնեց՝ մինչև 2026 թվականի երկրորդ կես արդեն ներդրված կլինի կենսաչափական համակարգ, փաստաթղթերը կսկսեն տրամադրել քաղաքացիներին։
«Հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր կոնցեպտ ենք ներդնելու, դա լավ փորձառություն կլինի մեր մյուս պետական գերատեսչությունների համար։ Լավ փորձառություն է բերվում Հայաստան։ Մենք 23 գրասենյակներ կունենանք մասնավորի կողմից, 2-3-ը կլինեն Երևանում, մյուսները՝ մարզերում։ Այս գրասենյակներում են ընդունվելու քաղաքացիների դիմումները՝ անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար, կլինի անձնագիր, թե նույնականացման քարտ։ Գիտեմ՝ հանրային մտահոգություն կա այն իմաստով, որ գրասենյակների քանակը քիչ է, մենք նախկինում ունեինք 63-ը, իսկ 2023-ին դարձավ 47, որն արդեն իսկ ի հայտ բերեց որոշ քաղաքացիների դժգոհությունը, հիմա էլ դառնում է 23։ Բայց պետք է նշեմ, որ ծառայությունները մատուցվելու են օնլայն եղանակով և գրասենյակ մոտենալու անհրաժեշտություն կլինի մի քանի տարին մեկ անգամ»,-հավելեց նա։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վստահեցրեց՝ այս քանակը լիովին բավարարելու է հասարակությանը՝ որակյալ ծառայություն մատուցելու համար։
Հարցին՝ համայնքներում, մարզերում կպահպանվի՞ թղթային տարբերակը գոնե սկզբնական փուլում, նա պատասխանեց. «Ինքը՝ պրոցեսը թվայնացված է՝ գրասենյակում դիմի անձը, թե էլեկտրոնային եղանակով: Այսինքն՝ բիոմետրիկ տվյալների հավաքագրումը թղթային պրոցես չի ենթադրում, որևէ թուղթ չի լինելու: Բայց անձը, ով կդժվարանա այդ նախագրանցում կոչվող գործընթացը իրականացնել տնից կայքի միջոցով՝ էլեկտրոնային հարթակում, նա կարող է մոտենալ գրասենյակ: Այսպես թե այնպես, կենսաչափական տվյալների հավաքագրումը տեղում է իրականացվում, մատնահետքի, դեմքի նկարահանման աշխատանք է տարվում՝ նոր տեխնոլոգիաներով: Մենք խոշոր և միջին գրասենյակներում ներդնելու ենք «բոլորը մեկում» կոչվող տեխնիկական լուծումը, որը մեկ սարք է: Մենք հաճախ այդ սարքը հանդիպում ենք տարբեր միջազգային սահմաններին, օդանավակայաններում, որի դիմաց անձը կանգնում է ու մատնահետքը և լուսանկարը տեղում իրականացվում է:
Լինելու են, իհարկե, շատ արագացված ու ճկուն ծառայություններ, այդ թվում՝ նաև առաքման ծառայություններ, մասնավորը գնային քաղաքականությունն ավելի ուշ կհայտարարի, բայց, կարծում եմ՝ արժանապատիվ հանրային ծառայությունների մոդել ենք ունենալու»: