Հանրապետականներին չի կարելի սանձել կամ վերածել կառավարելի գործիքի. մեր պայքարը եղել և մնում է անսասան. Հենրիխ Դանիելյան


Հանրապետականներին չի կարելի սանձել կամ վերածել կառավարելի գործիքի. մեր պայքարը եղել և մնում է անսասան. Հենրիխ Դանիելյան
Մարտ 12 15:43 2025

Հանրապետականներին չի կարելի սանձել կամ վերածել կառավարելի գործիքի, այս մասին հայտարարել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։

«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական շինծու քրեական գործն են հարուցել, որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկ տարուց ավելի՝ 1 տարի 9 ամիս, գտնվում է կալանքի տակ։ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Մարտոյանը տնային կալանքի տակ էր։ Տասնյակ կուսակցականների, երիտասարդների և համակիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, կիրառվել են տարբեր սահմանափակումներ։

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկման փորձը` հերթական քաղաքական հաշվեհարդարի շրջանակում։

Հանրապետականների նկատմամբ իրականացվող այս քաղաքական հետապնդումը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավը վախենում են և լիովին տապալվել են բոլոր ոլորտներում և այժմ, էժանագին շոուներով, փորձում են շեղել հանրության ուշադրությունը։ Նրանց նպատակն է վերականգնել իրենց զրոյացված վարկանիշը, բայց դա այլևս անհնար է։ Ինչպես անհնար է մեզ վախեցնել կամ կոտրել։

Մենք տարիների ընթացքում ապացուցել ենք, որ Հանրապետականներին չի կարելի սանձել կամ վերածել կառավարելի գործիքի։ Մեր պայքարը եղել և մնում է անսասան, և ոչ մի քաղաքական հետապնդում չի կարող կանգնեցնել մեզ մեր ազգային արժեքների, պետականության ու ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին»,- նշել է նա։

Դանիելյանը հիշեցրել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի  խոսքերը. «Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է»։