«Լուրջ է Ադրբեջանի նախագահի, այսօր առավոտյան արած հայտարարությունը, առ այն, որ TRIPP-ը հնարավոր դարձավ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի շնորհիվ։ Այսինքն՝ սա Ադրբեջանը դիտարկում է Հայաստանին ինչ-որ բան պարտադրելու կոնտեքստում»,- այս մասին «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետի համոզմամբ՝ TRIPP-ը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև գործարք է, իսկ Հայաստանն այդ գործարքում «օբյեկտի» դեր է կատարում։«Հայաստանն իրավազոր սուբյեկտ չի, ուղղակի, Հայաստանը այնքանով առնչություն ունի TRIPP-ի հետ, որ կոմունիկացիան անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով։ Այստեղ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները ունեն իրենց շահերը։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, սա համարում են միջին միջանցքի մաս, որը միտված է Կենտրոնական Ասիայի հարուստ ռեսուրսները Եվրոպա տանելուն, ընդ որում, շրջանցելով Չինաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը։ Խնդիր է դրված այդ երեք ռեգիոնալ գերտերություններին մեկուսացնել»,- նշեց Սուրենյանցը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը և Թուրքիան նույնպես ունեն իրենց շահերը։
«Սա իրենց համար թուրանական միջանցքի, իսկ Հայաստանը՝ TRIPP-ի հետևանքով նոր շրջափակման մեջ է հայտնվելու։ TRIPP-ը Հայաստանի ապաշրջափակման մասին չի, Հայաստանի նոր տիպի և նոր որակի շրջափակման մասին է»- հավելեց քաղաքագետը։










