Ինձ «Նիկոլական վիժվածք» ասաց, թող մոտենար, քննադատեր աշխատանքս, ոչ թե անծանոթին վիրավորեր․ Ասլանյան


Ինձ «Նիկոլական վիժվածք» ասաց, թող մոտենար, քննադատեր աշխատանքս, ոչ թե անծանոթին վիրավորեր․ Ասլանյան
Փետրվար 25 17:31 2025

Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան համապատասխան պիտի պատժվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Սամվել Վարդանյանի դատավարությանը:

«Անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքը դա է պահանջում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը և ոչ մեկն իրավունք չունի անձնական վիրավորանքներ հասցնելու որևէ մեկին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Սամվել վարդանյանը դա հիմնավորել է իշխանության վարած քաղաքականությամբ, Ասլանյանն ասաց. «Դրա համար կա քննադատության աստիճան, թող քննադատի, ոչ թե անձնական բաներ անի: Մարդը կարող է մոտենալ, ասել՝ գիտեք դուք սխալ եք, սխալ եք անում, սխալ եք կառավարում, բայց ոչ թե ասի «նիկոլական վիժվածք» կամ ուրիշ բառեր: Դա անձնական է արդեն և դա խուլիգանություն է:

Ես բազմաթիվ անգամ եմ հանդիպել քաղաքացիների, որոնք մոտեցել են և քննարկել են, խոսել են, փորձել ենք հասկանալ կամ հասկացել ենք, կամ ամեն մեկս մնացել է իր կարծիքին: Եթե դուք մտածում եք, որ դեմոկրատիան այն է, որ մեկը իր մտքով ինչ ասես՝ անի, դուք սխալվում եք: Դեմոկրատիան այն է, երբ որ մեզանից յուրաքանչյուրը հարգում է դիմացինի իրավունքը»:

Հարցին՝ եթե հիմա լիներ միջադեպը, ձեր  նախկին թիմակիցները, օրինակ, Ալեն Սիմոնյանը, կդատապարտեի՞ն, նա պատասխանեց. «Ինձ դա չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ անձամբ իմ անձն են վիրավորել,  իմ տարիքը, իմ ինձը վիրավորել են և ինձ պիտակավորել են, ուրեմն թող պատասխան տան օրենքի առջև»:

Անդրադառնալով նրան, որ Վարդգես Գասպարին քիչ առաջ ակցիա էր անում բողոքելով նրա դեմ, որ ոստիկանները Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն են կիրառել, ինչու ինքը չմոտեցավ Վարդգես Գասպարիին, Հակոբ Ասլանյանն ասաց. «Դրա համար իրավական մարմիններ կան, թող զբաղվեն։ Ես իրավապահ մարմին չեմ: Գոյություն ունեն իրավապահ մարմիններ, ոնց ուզում են թող պարզաբանեն, դա իմ դաշտում չէ: Ես ԱԺ պատգամավոր եմ և իմ պարտականությունները Ազգային ժողովում է»:

Նա չցանկացաբվ որեւէ կերպ մեկնաբանել Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնության փաստը. «Ինքը ՀՀ քաղաքացի է, իսկ ես քաղաքացի չե՞մ։ Բա որ քաղաքացի եմ, ի՞նչ բարոյական իրավունքով է ինձ տրանսպորտի մեջ վիրավորում, անձնական վիրավորանք հասցնում, խուլիգանություն անում»:

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ արդեն նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։

2024 թ. ապրիլի 15-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանը նույն օրը ձերբակալվել էր։  Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր  տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։