Բաքվում այսօր նշանակված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության «շինծու դատավարությունը» հետաձգվել է փետրվարի 27-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ պատճառը եղանակային պայմաններն են:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին տեղի ունեցած նախորդ նիստում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից ու պաշտոնյաներից ոչ ոք իրեն մեղավոր չէր ճանաչել իրենց առաջադրված շինծու մեղադրանքներում։ Ադրբեջանական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ այսօրվա նիստը մեկնարկելու է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ցուցմունքով։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 25-ին։ Ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը ավելի վաղ հացադուլ էր հայտարարել։