«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ն Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնի ամբողջ կազմով։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության տարածած հայտարարությունից։
«Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։ «Հաջողության» դեպքում այն հետագայում կարող է կիրառվել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործնականում ցանկացած անձի նկատմամբ։
Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։
Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով։
Իրավապաշտպաններ՝
Արսեն Բաբայան
Սերգեյ Հարությունյան
Վարազդատ Հարությունյան
Վահան Հովհաննիսյան
Ռուբեն Մելիքյան»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար, այն ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։
«Էդգար Ղազարյանի գործով դատը կլինի այսօր՝ ժամը 15:00-ին, Մասիվի դատարանում, դատավոր՝ Աբելյան»,-գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։