Պետք է հստակ արձանագրել, որ «Անարգել ճանապարհի» պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի լինելով, եթե չկա ԼՂ-ն, չկա նաև դրանից բխող պարտավորությունը. Մարուքյան


Պետք է հստակ արձանագրել, որ «Անարգել ճանապարհի» պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի լինելով, եթե չկա ԼՂ-ն, չկա նաև դրանից բխող պարտավորությունը. Մարուքյան
Փետրվար 4 11:13 2025

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

«Արդեն 1 տարուց ավելի է` մեսրոպատառ հայերենով բացատրում եմ, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ ձևաչափին և պահանջել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձն Արցախ։

Ասում եմ՝ պահանջեք ՌԴ խաղաղապահների վերադարձն ու անվտանգության ապահովումն Արցախում, պահանջեք Լաչինի միջանցքն այնպես, ինչպես կար մինչև դրա բլոկադան, ու պաշտոնապես հայտարարեք, որ ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից այս կետերի կատարումը պարտավորվելու դեպքում մենք կապահովենք 9-րդ կետը այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ:

Կխուսափե՞ն նոյեմբերի 9-ի բանակցային պրոցեսի վերականգնումից, ուրեմն նույնը կլինի մեր վերաբերմունքը 9-րդ կետի պարտավորությանը:

Պետք է հստակ արձանագրել, որ «Անարգել ճանապարհի» պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի լինելով և եթե չկա ԼՂ-ն վերը նշված դրույթներով, ուրեմն չկա նաև դրանից բխող պարտավորությունը: 

Հասկանո՞ւմ եք, որ չկա «անարգել կամ անխոչընդոտ ճանապարհ» կամ «միջանցք» տալու այդպիսի առանձին պարտավորություն, եթե չկա Լեռնային Ղարաբաղը։

Իշխանությունը հետևողականորեն հայտարարում է, որ պատրաստ է տալ «անխոչընդոտ» ճանապարհ։ Հարցնում եմ՝ ինչի՞ դիմաց․ կրկի՞ն միակողմանի, կրկի՞ն առանց մեր շահը պահանջելո՞ւ։ Ինչպե՞ս անվանես այս երևույթը, երբ քեզ հասանելիքը խլել են, քեզ համարում են պարտապան, և դու անգամ մտադրված չես պնդելու և պահանջելու քեզ հասանելիքը։

Ահա սա եմ ես 1 տարի պահանջում ու բացատրում, բայց ակնհայտորեն սրա դեմ պայքարող թուրք - ադրբեջանական ագենտուրան այն նենգափոխում է, որ ոչ ոք չհասկանա, թե ի՞նչ կարող ենք դեռ անել, ինչպե՞ս կարող ենք մենք դեռ բանակցել և խաղաղ բանակցային ճանապարհով փրկել մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և, վերջապես, խուսափենք նոր պատերազմից»: