Շնորհավորո՛ւմ եմ, սա լավագույն թեկնածուն է, որ կարող էիք ընտրել. Խամոյանը հեգնեց ՔՊ-ին ու Սիրունյանին


Շնորհավորո՛ւմ եմ, սա լավագույն թեկնածուն է, որ կարող էիք ընտրել. Խամոյանը հեգնեց ՔՊ-ին ու Սիրունյանին
Հունվար 20 20:35 2025

Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի ընտրության հարցը։ ՔՊ անունից թենածուին ներկայացրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա կողմից Ալեքսանդր Սիրունյանին ներկայացնելուց հետո՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց. «Ինչպիսի՞ չափանիշներով է  առաջնորդվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սույն անձնավորությանը բերելով այստեղ ու ներկայացնելով մեր դատին։

Գուցե իր քաղաքական չեզոքությա՞մբ է  առաջնորդվել, որովհետև դուք փաստացի  հայտարարեցիք, որ սույն անձնավորությունը հանդիսանում է  ՔՊ կուսակցության անդամ, մինչդեռ օրենքը պահանջ է  ԲԴԽ անդամը պետք է քաղաքական չեզոքությամբ օժտված լինի։

Գուցե իր բարոյական չափանիշնե՞րն են, սահմաննե՞րն են, անբիծ հրապարակային գործունեությո՞ւնն է ձեզ համար հանդիսացել  չափորոշիչ, որ իրեն բերել ու այստեղ ներկայացրել եք մեր դատին։

Սույն անձնավորությանը սոցիալական ցանցերում հայտնի է  իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, տարբեր անձանց, արցախցիների հասցեին և ոչ միայն հրապարակումներ անելով, հետո էլ իր ֆեյսբուքյան էջը փակելով՝ հավանաբար դրանով փորձելով սրբագրել իր «անբիծ» կենսագրությունը։ Ո՞ր չափանիշներն են հիմք հանդիսացել ձեր այս փայլուն, հրաշալի ընտրության համար»։

Ա. Հովհաննսիյանն ասաց, որ այս պահին ՔՊ կուսակցության անդամ է Ա. Սիրունյանը, ընտրվելուց հետո, այո, պետք է առաջնորդվել քաղաքական անաչառության սկզբունքով։

«Ի՞նչ չափորոշիչներով ենք առաջնորդվել՝ իր մասնագիտական կենսագրության, մասնագիտական ունակությունների, Հայաստանում մշտապես արդարատության համար պայքարելու մղումի»։

Ագնեսա Խամոյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ սա լավագույն  թեկնածուն է, որին դուք կարող էիք ընտրել և լավագույնս  կարող է ներկայացնել այն դատական համակարգը, որը դուք այսօր ստեղծել եք երկրում»։