Իմ պատկերացրած դատավորը չպետք է ունենա մեքենան ապառիկով փակելու խնդիր. ՔՊ-ի թեկնածու (Տեսանյութ)


Իմ պատկերացրած դատավորը չպետք է ունենա մեքենան ապառիկով փակելու խնդիր. ՔՊ-ի թեկնածու (Տեսանյութ)
Հունվար 20 16:29 2025

Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու ընտրելու հարցը։

ՔՊ-ն այդ պաշտոնում առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, ով սոցիալական ցանցերում հայտնի է ատելություն քարոզող ու հայհոյախառն գրառումներով։

Ելույթ ունենալիս Սիրունյանը հայտարարեց, թե Հայաստանի դատական համակարգը շարունակում է համալրվել շատ լավ կադրերով։

Նա հայտարարեց, թե ՔՊ-ի կողմից ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը «հեղափոխական է»։

«Ես ուզում եմ տեսնել ժողովրդի վստահությունը վայելող դատարան, մենք մինչև այսօր դրա պակասն ունենք: Ես ուզում եմ ունենալ անկախ դատարան»,- նշեց ՔՊ-ի թեկնածուն։

Ըստ Սիրունյանի՝ անկախ դատավորը պետք է լինի «մտավոր անկախ, ինտելեկտուալ անկախ»։

«Իմ պատկերացրած ապագա դատավորները պետք է ունենան ամենաորակյալ կրթությունը, իսկ իմ պատկերացրած դատարանը պետք է լինի ֆինանսապես անկախ»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր պատկերացրած դատավորը չպետք է ունենա բնակարանային խնդիր, մեքենան ապառիկով փակելու խնդիր։

Սիրունյանը հայտարարեց, թե դատավորի հարցով ԲԴԽ դիմելու հնարավորություն պետք է ունենա Ազգային ժողովի նախագահը, ԱԺ խմբակցությունն ու ՄԻՊ-ը։