Նարեկ Զեյնալյանը ՔՊ խմբակցության այն քիչ պատգամավորներից էր, ով տիրապետում էր իր ոլորտի խնդիրներին, ղեկավարում էր իրեն վստահված հանձնաժողովը, ԱԺ-ում, դիմելով Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նա Թորոսյանից հետաքրքրվեց.«Ճշտե՞լ եք արդյոք՝ ո՞ր մեղքի համար նա արժանացավ այդ գիշերային sms-ին և վայր դրեց մանդատը։ Որպես գործընկեր փորձեցի՞ք պաշտպանել նրա իրավունքները, չէ՞ որ ոչ ոք, առավել ևս վարչապետը, իրավունք չունեն պատգամավորից պահանջել, որպեսզի մանդատը վայր դնի, առավել ևս ժողովրդավարական բաստիոն համարվող երկրում։ Եվ Դուք պատրա՞ստ եք վայր դնել Ձեր մանդատը, եթե վատ երազի արդյունքում վաղը ստանաք նման պահանջ»։
Թորոսյանն էլ Կյուրեղյանին հորդորեց որակումներ չտալ՝ «վատ երազ» և այլն.«Ինչպես իմ ելույթում նշեցի, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Զեյնալյանին՝ կատարած լավ աշխատանքի համար։ Ինչ վերաբերում է նրա՝ մանդատը վայ դնելուն, ինքը մեկնաբանել է, բայց ես, այնուամենայնիվ, կարձագանքեմ։
Ես ՔՊ վարչության անդամ եմ, որտեղ քննարկվում են ներկուսակցական հարեր։ Կարծում եմ՝ մեր վարչության նախագահը՝ Նիկոլ Փաշինյանը, ով ՀՀ վարչապետն է, լինելով մեր բոլորի առաջնորդը, իրավունք ունի, միգուցե նաև պարտավոր է, որոշումներ կայացնելու և խնդրանքներ հայտնելու։ Եթե այնպիսի իրավիճակ լինի, որ իմ մանդատը վայր դնելն անհրաժեշտ լինի մեր թիմին, մեկ վայրկյան չեմ մտածի դրա վերաբերյալ։ Այս թեման արդեն փակված է և նորից կրքեր բորբոքելու փորձերն անիմաստ են»։