Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՔՊ-ի կողմից բարձր մակարդակով Բաքվի դատավարության վերաբերյալ արձագանքի բացակայությանը, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ռուստամ Բաքոյանն այդ թեմայով խոսել է, դիվանագիտական նյուանս կա, հենց այն մարդիկ պետք է այդ թեմայով խոսեին, ովքեր ներգրաված չեն բանակցություններում: Մենք մշտապես ասել ենք, որ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում գերիներին վերադարձնելու ուղղությամբ և հավելյալ հանրայնությունն այս գործընթացին միայն խանգարելու է: Հիմա եթե կարծում եք, որ պետք էր մեկ-երկու կոշտ արտահայտություն անել, ու դա օգնելու էր մեր գերիների վերադարձին, դուք սխալվում եք: Հավելյալ հանրայնությունն այս պրոցեսին միայն ու միայն խանգարելու է և վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ մի վայրկյան չի դադարել և չի դադարելու աշխատել այս ուղղությամբ»,- ասաց նա:
Լրագրողի հարցին՝ Բաքվի դատարանում հայ ռազմագերիների տեսարանը որևէ մեղքի զգացում առաջացրե՞լ է իր մեջ, պատգամավորը պատասխանեց. «Բայց ես չեմ հասկանում այդ հարցի իմաստը, չեմ հասկանում այդ մեղքի զգացողության հարցը, այսինքն նկատի ունեք, որ ես այնտեղ չեմ իրենց տե՞ղը:
Իսկ ասեք այս հարցն ընդդիմությանը տվե՞լ եք: Շատ ցավ, մեծ ցավ էր, որ ես այդ կադրերը տեսա ու, բնականաբար, ես շատ կուզենայի, որ այդ ամեն ինչը տեղի ունեցած չլիներ, ես շատ կուզենայի, որ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու և ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիր ուժերին ու չգնային Սոֆիա: Ես չեմ ասում, իրենք են մեղավոր, որ այնտեղ են գտնվում, ես ասում եմ, որ շատ կուզենայի, որ ամեն ինչ այնպես ընթանար, ինչպես արդեն ասացի»: