ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը հերքում է, որ նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և իր եղբոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև միջադեպ է եղել, ասում է՝ ուղղակի նիստից հետո իրար հետ խոսել են, և բանը չի հասել ծեծկռտուքի ու հայոհյանքի։
«Ո՛չ, չէր էլ կարող հասնել, նիստից հետո է եղել, իրար հետ խոսել են, մարդիկ որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիք են ունեցել»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը։
Նա ավելացրեց, որ այդ խոսակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն այնտեղ չի եղել։
Նշենք՝ մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ ՔՊ փակ նախաձեռնող խմբի նիստը թեժ ընթացք է ունեցել և ավարտվել է քաշքշուկով։ Հրապարակումների համաձայն՝ վիճաբանությունը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև է եղել: Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական վիճակն է, ապօրինի հսկայածավալ ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:
ՔՊ պատգամավորը պնդեց, թե բացարձակ սուտ է, որ շահերի բախում կա։
Ըստ նրա, Հայանտառի տարեկան հաշվետվությունների համաձայն՝ ապօրինի ծառահատումները 80-90 տոկոսով այս տարի կրճատվել են։
«Այդ կարգի հատումներ չկան, որ ծառերը հատեն, ես ինքս էլ բնավորությամբ, էությամբ էլ եմ բնությունը սիրում և շփվում, նման խնդիր չկա»,-ասաց նա։
Նշեց, որ եղբորը փոխարինելու խոսակցություններ չկան, թեև միշտ հնարավոր է։