«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժաովը և նորից վերանայեք ձեր որոշումը»,-ԱԺ նիստի մեկնարկին, օրակարգի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը ակնարկեց Ալեքսանդր Սիրունյանին՝ ՔՊ-ի կողմից ԲԴԽ անդամ առաջադրելու փաստը։
«Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է։ Մարդ, որն ատում է սեփական հայրենակիցներին, մարդ, որը թշնամություն է տարածել տարիներ շարունակ»,-ասաց Մանուկյանը։
Պատգամավորն ասաց, թե կոռոպցիոն վտանգների մասին խոսելն այս դեպքում ավելորդ է համարում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, թե կարող են լինել մարդիկ, ովքեր Մանուկյանի անձնական գնահատականները չեն կիսի և վստահություն հայտնեց, որ Գեղամ Մանուկյանի շուրջ էլ կան մարդիկ, որոնց նկատմամբ նույնը կարող են ասել։
Սիմոնյանը հայտնեց, թե թեկնածուն կլինի քննարկմանը և իրենք հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել իրեն։