Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումն առաջին հայացքից կարող է նշանակալից ձեռքբերում թվալ։ Այնուամենայնիվ, այս փաստաթուղթը ոչ այնքան երկկողմանի առաջընթացի տոն է, որքան Փաշինյանի կառավարության թերացումների մեղադրանք։ Այս մասին «Ոչ նպաստավոր կանոնադրություն. Փաշինյանի կառավարությունը հսկողության տակ է» խորագրով հոդվածում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ հատկապես կասկածելի է Կանոնադրության ստորագրման ժամանակահատվածը:
«Ստորագրվելով Բայդենի վարչակազմի պաշտոնավարման վերջում, այն թվում է շտապողական և մեծամասամբ խորհրդանշական՝ չունենալով Հայաստանի մարտահրավերներին դիմակայելու իրական հանձնառության կշիռը: Ապագա համագործակցության համար ամուր նախագիծ ներկայացնելու փոխարեն, Կանոնադրությունը դիտվում է որպես Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատում, ինչպես նաև նրա ժողովրդավարության և կառավարման սուր քննադատություն:
Կանոնադրության մեջ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա արված շեշտադրումն ակնհայտորեն ընդգծում է այն գոյաբանական սպառնալիքները, որոնց բախվում է երկիրը, հատկապես վերջին ադրբեջանական ագրեսիայի լույսի ներքո: Թեև այն ընդունում է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, փաստաթուղթը որևէ նոր պարտավորություն կամ երաշխիք չի տալիս Հայաստանի անվտանգության ամրապնդման համար», - գրում է Օսկանյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի գործողություններին հակազդելու կոնկրետ միջոցների բացակայությունը հարց է առաջացնում՝ արդյոք ԱՄՆ-ն ընդամենը դատարկ երաշխիքներ է տալիս, և ոչ թե էական աջակցություն:
Օսկանյանը տարածաշրջանային տրանսպորտային կապերն ապաշրջափակելու և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու Միացյալ Նահանգների կոչը ևս մեկ խնդրահարույց տարր է համարում։ Նա նշում է, որ այս ձգտումները նոր չեն, և դրանց ընդգրկումն այս փաստաթղթում թվում է հին խոսակցությունների կրկնություն՝ զուրկ նորարար լուծումներից:
«Սա անհարմար հարց է առաջացնում, թե արդյոք ԱՄՆ-ն իսկապես ըմբռնում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի բարդությունը, թե՞ բավարարվում է մաշված խոսույթը կրկնելով», - նշել է ԱԳ նախկին նախարարը:
Ըստ Օսկանյանի՝ Կանոնադրության տեքստում ժողովրդավարական բարեփոխումներին, հակակոռուպցիոն միջոցառումներին և դատական անկախության վերաբերյալ մեծ ուշադրությունը ոչ այնքան առաջընթացի ճանապարհային քարտեզ է, որքան ավելի շատ Հայաստանում արմատացած կառավարման խնդիրների արտացոլում:
«Այն, որ նման թեմաները գերակշռում են երկկողմ համաձայնագրում, ընդգծում է Փաշինյանի կառավարության՝ դրանց արդյունավետ անդրադառնալու անկարողությունը։ Կանոնադրության տեքստի՝ դիվանագիտական նրբություններով համեմված լեզուն անուղղակիորեն ընդգծում է համակարգային կոռուպցիան, թույլ օրենքի գերակայությունը և խարխլված ժողովրդավարական ինստիտուտները», - գրել է Օսկանյանը:
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցների համար այս Կանոնադրությունը հավանաբար անհանգստություն կառաջացնի։
«ԱՄՆ-ի հետ գործընկերության վրա շեշտադրումը, զուգակցված եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու ակնարկների հետ, վտանգում է հեռվացնել Հայաստանի հիմնական դաշնակիցներին, ինչպիսին է Ռուսաստանը:
Նման լեզուն կարող է մեկնաբանվել որպես ավանդական գործընկերություններից շեղում, որը սրում է լարվածությունն առանց այն էլ փխրուն աշխարհաքաղաքական լանդշաֆտում», - նշել է հոդվածի հեղինակը:
Նրա խոսքով՝ Կանոնադրության տեքստում էներգետիկ դիվերսիֆիկացմա և եվրոպական շուկաներին ինտեգրման վերաբերյալ ուշադրությունը մեկ այլ վիճելի կետ է:
«Թեև այս նպատակները համընկնում են ԱՄՆ-ի շահերի հետ, դրանք անտեսում են Հայաստանի առջև ծառացած գործնական մարտահրավերները՝ կապված ռուսական էներգիայից կախվածության և տարածաշրջանում նրա անկայուն դիրքի հետ», - կարծում է Օսկանյանը:
Նրա համոզմամբ՝ Կանոնադրության, թերևս, ամենաանհանգստացնող կողմը իրականացման հարցն է:
«Փաստաթուղթը բարի մտադրությունների շարան է, սակայն առաջարկում է հաշվետվողականության կամ աջակցության ընդամենը մի քանի կոնկրետ մեխանիզմ: Միացյալ Նահանգները վաղուց նմանատիպ լեզու է ներառել Հայաստանի հետ պայմանագրերում, սակայն շոշափելի առաջընթացը դեռևս հասանելի չէ: Առանց հետևողականությունն ապահովելու հստակ միջոցների, այս Կանոնադրությունը կարող է դառնալ չկատարված խոստումների ևս մեկ խորհրդանիշ:
Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը հեռու է դիվանագիտական հաղթանակ լինելուց, ինչպես որ Փաշինյանի կառավարությունը կարող է ցանկանալ ներկայացնել։ Փոխարենը, այն ծառայում է որպես Հայաստանի խոցելիության, կառավարման ձախողումների և տարածաշրջանային մարտահրավերների հստակ գնահատական։
Մի կառավարության համար, որի օրոք արձանագրվել են տարածքային զգալի կորուստներ, ժողովրդավարական հետընթաց և լայնածավալ հասարակական դժգոհություն, Կանոնադրությունն արտացոլում է, թե ինչպես է աշխարհը, հատկապես Միացյալ Նահանգները, վերաբերվում Հայաստանին՝ վճռական անվտանգության, իմաստալից ժողովրդավարական բարեփոխումների և բարոյական աջակցության խիստ կարիք ունեցող պետություն, որը քիչ վստահություն ունի, որ այդ նպատակները հնարավոր է իրականացնել ներկայիս ղեկավարության ներքո», - գրել է Օսկանյանը: