Արցախցիների վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը զարմանալիորեն եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան


Արցախցիների վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը զարմանալիորեն եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան
Նոյեմբեր 17 14:37 2024

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը զարմանալիորեն եղել և շարունակում է մնալ Հայաստանի կառավարությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը:

«Չնայած այս հարցի պաշտպանության և բարձրացման հստակ հումանիտար և դիվանագիտական հարաբերություններին, Փաշինյանը բազմիցս միշտ խուսափել է այս հարցին անդրադառնալ։ Երբ իրեն հարց է տրվում, թե ինչու, նա պնդում է, որ վերադարձի պաշտպանությունը Հայաստանի շահերից չի բխում, սակայն ոչ մի հստակ հիմնավորում նա չի տալիս։ Այս պնդումը անհասկանալի, կասկածելի և շփոթեցնող է, քանի որ բազմաթիվ հիմնավոր փաստարկներ հուշում են հակառակը։ 

Նախ Հայաստանը պարտավոր է պաշտպանել վերադարձի իրավունքը։ Հայաստանի կառավարությունը ունի բարոյական և դիվանագիտական պատասխանություն պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները, որոնք բռնի դեղանվել են ագրեսիայի և էթնիկ զտման գործողությունների արդյունքում։  Եթե Հայաստանը չպաշտպանի նրանց վերադարձի իրավունքը, որևէ այլ երկիր չի զբաղվի այս հարցով նույն հրատապությամբ և համոզմամբ։ 

Երկրորդ՝ այս հարցը բարձրացնելը Հայաստանի համար կարող է կարևոր բանակցային գործիք լինել։ Ներկայումս Հայաստան-Ադրբեջան բանակցությունների սեղանում չկա որևէ հարց, որը նպաստավոր է Հայաստանին՝ թողնելով Հայաստանը առանց լծակների։ Վերադարձի իրավունքի պահանջով հանդես գալը Հայաստանի համար կարող է փոխել դիվանագիտական քննարկումներն իր օգտին։ 

Բացի այդ, վերադարձի իրավունքի համընդհանուր աջակցությունը գրեթե անվիճարկելի է, և որևէ չեզոք երկիր չի կարող դեմ լինել դրան որպես սկզբունք։ Միջազգային իրավունքը և դիվանագիտական նորմերը նպաստում են տեղահանված ժողովուրդների հայրենիք վերադառնալու իրավունքին առհասարակ, բայց այս դիրքորոշումը առավել ամրապնդվում է մի շարք իրավական որոշումներով և միջազգային բանաձևերով կոնկրետ Ղարաբաղի նկատմամբ ներառյալ 2023 թվականի նոյեմբեր 17-ի միջազգային դատարանի որոշումը և 2024 թվականի մարտի 12-ի և հոկտեմբեր 25-ի եվրոպական խորհրդարանի բանաձևերը, որոնք հաստատում են այս իրավունքը և հորդորում են Ադրբեջանին ապահովել նրանց անվտանգ վերադարձը», - նշել է Օսկանյանը:

Նախկին դիվանագետն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիան, հրապարակայնորեն աջակցել են վերադարձի իրավունքին, իսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը նույնիսկ ճանաչել է հայերի էթնիկ զտումը Արցախում՝ հաստատելով նրանց վերադարձի իրավունքը։ 

«Ֆրանսիան նույնպես նմանատիպ աջակցող հայտարարություններ է արել բազմիցս։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը վերջերս զգուշացրել է Հայաստանին չշտապել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ՝ առաջարկելով, որ 2020 թվականի նոյեմբերի ինի հայտարարությունը դեռ կարող է ծառայել որպես կոնֆլիկտի լուծման հիմք և հնարավոր վերադարձի ուղի ապահովելու միջոցով կապի և անվտանգության ապահովման համար։ Շվեյցարականի խորհրդարանականները նույնիսկ քննարկում են հարցն այսօր, որպեսզի ստեղծվի ֆորում, որտեղ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարողանան քննարկել այս հարցը, արցախցիների վերադարձի հարցը։ Այս միջազգային արձագանքները ընդգծում են լայն համակարգություն և ցուցադրում Հայաստանի ակտիվ մասնակցության կարևորությունը։ Նույնիսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը չի առարկում վերադարձի իրավունքին, թեև իր պայմաններով։ Ադրբեջանը, իհարկե, արցախցիների դեղահանումը ներկայացնում է որպես կամավոր, ինչը թե մոլորեցնող է, թեև բարոյապես իսկապես դատապարտելի, բայց միջազգային հանրության համար ակնհայտ է, որ տեղահանումը տեղի է ունեցել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով», - ասել է Օսկանյանը։ 

Նա հիշեցրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուի Մորանո Օքամպոյի կողմից Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն որակելը։ 

«Այս փաստարկների լույսի ներքո Հայաստանի կառավարության լռությունը վերադարձի իրավունքի վերաբերյալ ոչ միայն զարմացնող է, այլ բացահայտում է բարոյական համոզմունքի, ռազմավարական հեռատեսության և համարձակության իսպառ բացակայություն։ Արցախի ժողովուրդը, չնայած տեղահանությանը և այսօր իրենց ծանր պայմաններին, վճռական է իր որոշման մեջ՝ վերադառնալ, վերականգնել իր հայրենիքը և ձևավորել իր քաղաքական ճակատագիրը։ Վերադարձի իրավունքի պաշտպանությունը ոչ միայն Հայաստանի շահերից է բխում, այլև բարոյական պարտականություն է: Կառավարության գործողությունների բացակայությունը խարան է նրա խղճին, բացահայտ անգործություն և թերացում իր ժողովրդի նկատմամբ և այնպիսի անհասկանալի և անբացատրելի զիջում, որի ուրվականը մեզ հավերժ հետապնդելու է», - եզրափակել է Օսկանյանը։