Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են գերիների, անհետ կորածների ընտանիքների խնդիրներից. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով


Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են գերիների, անհետ կորածների ընտանիքների խնդիրներից. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով
Սեպտեմբեր 13 13:52 2024

«Համահայկական ճակատ» շարժումը Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով հերթական ակցիան էր իրականացնում այս անգամ Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջ։

«Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ  Ռուզաննա Ստեփանյանը նշեց, որ իրենք հետևողական են, խնդիրը բարձրաձայնելու Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ու միջազգային կառույցների ներկայացուցչությունների մոտ։ 

«Բաքվում պահվող գերիների, անհետ կորածների ընտանիքներն թողել ենք իրենց ցավի հետ մենակ, Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են այս ընտանիքների խնդիրից, ցավից։ Չկա շաբաթ, որ այս ընտանիքները մի կառույցից մյուսը չգնան, նրանց ամեն օր տանում բերում են՝ մի խոսեք, մի բարձրաձայնեք»,-ասաց նա։  

Ստեփանյանը տեղեկացրեց, որ իրենք ուժեղացնելու են իրենց ճնշումը կառավարության վրա, քանի որ տեղեկություն ունեն, որ մինչև ամսվա վերջ Նիկոլ Փաշինյանը գնալու է Նյու Յորք, հանդիպելու ՄԱԿ-ի ասամբլեայի  գլխավոր քարտուղարին։

Ակցիայի կազմակերպիչը տեղեկացրեց, որ անհետ կործաների և գերիների խնդրով 20 օր առաջ նամակներ է հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ։

«Ինձ ընդունել են ու ասել, որ այս պահին ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի հանձնակատարը հասցրել է խոսել  Բաքվում իր գործընկերոջ հետ, այնտեղից էլ արձագանքել են՝ Բաքուն էլ պահանջում է  իր անհետ կորածներին։

Այնուհետև ՄԱԿ-ի գրասենյակի հանձնակատարը դիմել է ՄԱԿ-ի ասամբլեայի մարդու իրավունքների գծով հանձնակատարին, պահանջել քննության առարկա դարձնել  Հայաստանից անհետ կորածների, ռազմագերիների խնդիրը։

Միաժամանակ ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրել են, որ իրենք այս պահին բանակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, հանդիպման ժամանակ ձեռք բերեված բոլոր արդյունքները նամակի տեսքով նորից առաջիկայում կփոխանցեն ինձ»,- ասաց նա։

Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ նամակով դիմել են նաև անհետ կորածների խնդրով զբաղվող միջազգային կոմիտեի, որը բացառապես զբաղվում է անհետ կորածների հարցերով ու կարող է նաև այցելել Բաքվի բանտեր ու հստակ տեղեկություն ստանալ, թե քանի հայ ռազմագերիների կան այնտեղ։