Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից


Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
Օգոստոս 23 15:19 2024

Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ հաշվի առնելով ՌԴ նախագահի՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անցկացրած բանակցությունները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նույնպես հաղորդագրություն էր տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի մասին։

Կրեմլի հաղորդագրության համաձայն, Ն. Փաշինյանի հետ զրույցում վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցում։

«Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան», - նշված  է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: