Հայաստան-Դանիա հանդիպումից առաջ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ միջոցառում, որին մասնակցեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներն ու շահառու երեխաները:
«Նվիրիր կյանք» կազմակերպությունը ՈՒԵՖԱ-ի «Երեխաների Համար Հիմնադրամի» մրցույթի հաղթողների շարքում է, և արժանացել է 50 հազար եվրո պարգևին, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով փոխանցվեց կազմակերպության ներկայացուցիչներին:
Հավելենք, որ հենց «Նվիրիր կյանքի» շահառու երեխաներն էլ երկու թիմերի ֆուտբոլիստներին ուղեկցեցին խաղադաշտ՝ հանդիպման մեկնարկից առաջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարի ՈՒԵՖԱ-ի «Երեխաների Համար Հիմնադրամը» որոշում էր կայացրել ընտրել հաղթող կազմակերպությանը մրցութային կարգով՝ խորհրդակցելով ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների հետ: Ասոցիացիաներն իրենց հերթին մրցույթի թեկնածուներին պետք է ընտրեին ՈՒԵՖԱ-ի «Երեխաների Համար Հիմնադրամի» չափորոշիչների համաձայն՝ թեկնածուների գործունեության թափանցիկություն, պարտադիր տարեկան ֆինանսական միջազգային ստանդարտներով աուդիտ, էթիկական կոդի պահպանումը և այլն:
Հաշվի առնելով բոլոր պահանջներն ու չափորոշիչները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրել էր «Նվիրիր կյանք» կազմակերպությունը, որին տարիներ շարունակ աջակցում է:










